- Главная
- Node
- ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «PRINTEL» ՆԱԽԱԳԾԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Декабрь 26, 2019 | 15:30
Հասարակություն
ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «PRINTEL» ՆԱԽԱԳԾԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
2019 թ. նոյեմբերի 13-14-ը Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանում տեղի է ունեցել «PRINTeL» նախագծի տեղեկատվության տարածմանը նվիրված համաժողով «Ակտիվ և տեխնոլոգիապես հագեցած դասավանդում և ուսուցում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով:
Այն «PRINTeL»-ի «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի հերթական համաժողովն էր։
Համաժողովին մասնակցում էին «PRINTeL» նախագծում ներգրավված եվրոպական հինգ և արևելյան գործընկերության ինը համալսարանների շուրջ 50 մասնակիցներ։
Երևանի պետական համալսարանից համաժողովին մասնակցում էին «PRINTeL» նախագծի ղեկավար, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը և նույն կենտրոնի առաջատար մասնագետ, նախագծի համակարգող Մարի Սանթուրջյանը, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Աննա Ալեքսանյանն ու Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանը։
Համաժողովի նպատակն էր գնահատել նախագծի շրջանակում իրականացված բոլոր միջոցառումների, այդ թվում՝ վերապատրաստումների արդյունավետությունը, ինչպես նաև ձեռքբերված արդյունքներն ու առկա մարտահրավերները:
Համաժողովի առաջին օրը տեղի ունեցավ 5 նիստ, որոնք ամփոփեցին գործընկեր եվրոպական բուհերում անցկացված վերապատրաստումների արդյունավետությունը, ինչպես նաև բուհերում դրանց ներդրման հաջողությունները և առկա խնդիրները:
Նշված նիստերը վարում էին եվրոպական գործընկեր ու Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի բուհերի այն ներկայացուցիչները, որոնք վերապատրաստվել էին հինգ ուղղություններով՝ համակցված դասավանդում և ուսուցում, տեսանյութերը՝ որպես դասավանդման գործիք, համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում, ակտիվ ուսուցում «շրջված դասարանում», ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ մոբայլ ուսումնառություն և խաղայնացում:
Համաժողովի մասնակիցներն անդրադարձան նշված թեմաներին առնչվող հիմնական խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Աշխատանքային օրվա վերջում Լինշոպինգի համալսարանի դասախոսների վերապատրաստման կենտրոնի տնօրեն Գունվոր Լարսեն Թորսթենսդոթերն ամփոփեց օրվա քննարկումները:
Գիտաժողովի երկրորդ աշխատանքային օրը նվիրված էր վերապատրաստումների արդյունքներին, որոնք գնահատում էին և՛ դասախոսները, և՛ ուսանողները:
Ելույթ ունեցող դասախոսները և դասավանդման գործընթացում ներգրավված այլ շահակիցները քննարկեցին վերապատրաստումների արդյունավետության, օգտակարության և գործնական կիրառության վերաբերյալ հարցեր, խոսեցին ապագա ծրագրերից, ինչպես նաև ցանկություն հայտնեցին և առաջարկեցին, որպեսզի վերապատրաստումները շարունակական լինեն:
Քննարկվեց եվրոպական գործընկեր բուհերում դասախոսական կազմի վերապատրաստման կենտրոնների լավագույն փորձը: Եվրոպական գործընկեր համալսարանականները ներկայացրին իրենց փորձը և վերապատրաստման կենտրոնների իրենց մոդելը: Օրվա վերջում «PRINTeL» նախագծի ղեկավար Արմեն Բուդաղյանն ամփոփեց համաժողովը:
Նախագծի տեղեկատվության տարածմանը նվիրված համաժողովից հետո տեղի ունեցավ նաև «PRINTeL» ծրագրի համակարգման նիստը, որի ժամանակ Արմեն Բուդաղյանը ներկայացրեց նախագծի իրականացման առկա իրավիճակը:
Եվրոպական հինգ և արևելյան գործընկերության ինը համալսարանների համակարգողները ներկայացրին արդեն իրականացված միջոցառումները և ապագայի ծրագրերը:
Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը