- Главная
- Node
- 5 ԳԻՐՔ ԵՎ ՖԻԼՄ, ՈՐ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱՆ ԵՎ ԴԻՏԵՆ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ. ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ
Февраля 27, 2020 | 14:50
Հասարակություն
5 ԳԻՐՔ ԵՎ ՖԻԼՄ, ՈՐ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱՆ ԵՎ ԴԻՏԵՆ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ. ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ
Տարբեր մասնագիտությունների մասին պատմող գրքերն ու ֆիլմերը բազմաթիվ են, բայց քիչ են այն ֆիլմերն ու գրքերը, որոնք ոգևորում են ընթերցողին և դիտողին, թերևս, գաղտնիորեն ու նրբորեն փոխանցում մասնագիտական գաղտնիքները, նուրբ անցումներով կերտում մասնագիտական այնպիսի կերպար, որը փորձում է դառնալ լավագույնը՝ իր ճանապարհին հայտնված բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով:
Ysu.am-ն այս անգամ անդրադարձել է իրավական խնդիրներ արտացոլող գեղարվեստական գրքերին և ֆիլմերին:
Թե ինչպիսի գրքեր և ֆիլմեր պետք է կարդան ու դիտեն իրավագետները, խորհուրդ է տալիս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը:
Առաջին գեղարվեստական գիրքը, որը խորհուրդ է տալիս իրավագետը, Հարպեր Լիի «Ծաղրասարյակ սպանել»-ն է:
«Գրքում քննարկվող հիմնական խնդիրը ռասայական խտրականությունն է: Գիրքը սովորեցնում է իրավաբաններին հավատարիմ մնալ իրենց մասնագիտությանը: Իրավաբանները հասարակության բժիշկներն են: Եվ հասարակության «հիվանդությունները» (որպիսին գրքում ռասայական խտրականությունն է) նրանք կարող են իրապես բուժել, եթե ունեն արդարության և հավասարության ձգտում, համառություն և անկոտրում կամք»,- մեկնաբանում է Արթուր Վաղարշյանը:
Դինա Կամինսկայա, «Փաստաբանի գրառումները»
Հեղինակը երկար տարիներ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ և գրքում խոսել է կեղծ փաստաթղթերի, սուտ վկայություն տալու, պետական ապարատի՝ դատարանների նկատմամբ կիրառվող ճնշումների և այլ լրջագույն խնդիրների մասին: Սրանք խնդիրներ են, որոնք երևի թե միշտ եղել են ու կլինեն: Սակայն գրքում փաստաբանները, նույնիսկ մահվան սպառնալիքից չվախենալով, պայքարում են դրանց դեմ:
Պավել Կոդոգովիչ, «Կյանքի բոլոր ուրախությունները»
Գիրքը մի կույր տղայի մասին է, որն իր համառության, աշխատասիրության և կամքի շնորհիվ կարողանում է ստանալ իրավաբանական կրթություն և դառնալ պետության լավագույն փաստաբաններից մեկը: Իհարկե, գրքում խոսվում է փաստաբանների ճանապարհին հանդիպող բազմաթիվ խոչընդոտների մասին, սակայն գրքի իմաստն այլ է: Այն սովորեցնում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ ինքն է իր իրավունքների լիարժեք իրացումն ու պաշտպանությունն ապահովում: Նախ և առաջ մենք պետք է հետամուտ լինենք, որպեսզի իրավական ակտերով մեզ վերապահված իրավունքները սոսկ փաստաթղթերում ամրագրված բառեր չմնան: Դե իսկ լավ իրավաբան լինելու համար անհրաժեշտ է սովորել, աշխատել և անընդհատ կատարելագործվել:
Մայքլ Քոննելի, «Լինկոլնը փաստաբանի համար»
Ըստ պրոֆեսորի՝ այս գիրքը ևս վերաբերում է փաստաբանների գործունեությանը և նրանց առջև ծառացող լրջագույն խնդիրներին:
«Այստեղ արտահայտված է հասարակության բացասական վերաբերմունքը փաստաբանների նկատմամբ, քանի որ նրանք ընկալվում են որպես հանցագործների պաշտպաններ, և նրանց պատճառով բազմաթիվ հանցագործներ մնում են ազատության մեջ: Գիրքն ընդգծում է փաստաբանի գործունեության կարևորագույն սկզբունքը. թույլ չտալ, որ անմեղ մարդը դատապարտվի»,- ընդգծում է պարոն Վաղարշյանը:
Ռեյ Բրեդբերրի, «451° ըստ Ֆարենհայտի»
Այս ստեղծագործությունն իրավագետը փորձում է վերլուծել իրավական տեսանկյունից:
«Ասում են, որ օրենքները պետք է լինեն ժամանակի պահանջներին համահունչ: Գրքում ներկայացված է մի իրավիճակ, երբ մարդկանց արգելվում է գիրք կարդալ, արգելվում է լիարժեքորեն ապրել, երբ օրենքները դարձել են գործիք ժամանակի իշխանությունների ձեռքին՝ հասարակությանը բթացնելու համար: Ճիշտ է՝ գրքում այս ամենի մասին բացահայտորեն չի խոսվում, սակայն որպես իրավաբան՝ մենք պետք է անենք կարևոր մի հետևություն․ հասարակության նորմատիվ-իրավական կարգավորումը պետք է համապատասխանի ոչ միայն ժամանակաշրջանի պահանջներին, այլև մարդկային էությանը, նրա բնական իրավունքներին»,- գրքերի այսպիսի ընտրությամբ էլ ամփոփում է միտքը Արթուր Վաղարշյանը:
Անդրադառնալով իրավական սյուժե ունեցող հետաքրքիր ֆիլմերին՝ պրոֆեսորը համաշխարհային գրականությունից և կինոյից տեղափոխվում է հայ գրականություն և հայ կինո:
«Մենք ենք, մեր սարերը»
Հենրիկ Մալյանի՝ Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած ֆիլմի սցենարը, ըստ Արթուր Վաղարշյանի, կառուցված է իրավական կազուսի վրա, որը, ըստ էության, բարդ ու հակասական բնույթ ունի, արտացոլում է իրավունք (օրենք)-բարոյականություն-սովորույթ հակասությունը։
«Միմինո»
Վրացական ծագմամբ խորհրդային ու ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Գեորգի Դանելիայի ֆիլմը պատմում է մի գավառական օդաչուի մասին, որը որոշում է վերադառնալ մեծ ավիացիա։
Իսկ այս ֆիլմի ընտրությունը Ա. Վաղարշյանը պայմանավորում է՝ հիշելով սկսնակ փաստաբանի կերպարը, որի ջանասիրությունն ու պարտաճանաչությունը փրկում են Միմինոյին ազատազրկումից։
«Կարոտ»
Հրաչյա Քոչարի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված այս ֆիլմը, ըստ իրավագետի, հայրենասիրական բովանդակությունից զատ, շեշտում է մի շարք հիմնահարցեր:
«Մարդու իրավունքների ոլորտում կենսական դեպքի օրինակով ֆիլմը սովորեցնում է, թե ինչպիսին չպետք է լինեն օրենքները, մարդկանց «իրավական ճակատագիրը» որոշող պաշտոնյաները։
«Տասներկու»
Ռուսական ֆիլմը ցուցադրում է երդվյալ ատենակալների դատարանի արժանիքներն ու թերություններն արդի դարաշրջանում։
«Դատավորը» դրամայով Ա. Վաղարշյանն ամփոփում է մասնագիտության մասին պատմող լավագույն ֆիլմերի հնգյակը:
Ֆիլմը պատմում է դատավորի և փաստաբանի աշխատանքի բարոյահոգեբանական բարդությունների, անձնականի, մասնագիտականի, հանրայինի կիզակետում առաջացող իրավական ու հոգեբանական հակասությունների մասին։
Անգին Խաչատրյան