- Главная
- Node
- ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ
Марта 12, 2020 | 16:25
Քաղաքականություն
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր Մեքսիկայի պատմության, մշակույթի, ավանդույթների և սովորույթների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսի տիկինը՝ մեքսիկուհի Անա Գարսիան:
Դասախոսությանը ներկա էին նաև Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը, Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկին, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, իսպանախոս ուսանողներ ու դասախոսներ:
Հյուրերին ողջունեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, որից հետո շնորհակալական ելույթով հանդես եկավ Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը:
«Մեքսիկական Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոսությունը Հայաստանում իր դռներն է բացել անցյալ տարի: Այդ կապակցությամբ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ`ցուցահանդեսներ, ֆիլմերի փառատոն: Հետաքրքիր նախաձեռնություններ են իրականացվել ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում: Մեր նպատակը Հայաստանում Մեքսիկայի պատմությունը, լեզուն, մշակույթն ու ավանդույթներն առավել ճանաչելի դարձնելն է»,- նշեց նա:
Բանախոս Անա Գարսիան պատմական ակնարկ կատարեց՝ ներկայացնելով Մեքսիկայի մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները, խոսեց աշխարհագրական դիրքի ու առանձնահատկությունների, կրթական հաստատությունների, զբոսաշրջային կենտրոնների մասին:
Հյուպատոսի կինը կարևորեց Մեքսիկայի մշակույթն աշխարհում տարածելը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը, որն իսպաներենի ուսուցման և զարգացման տեսանկյունից կարևորեց նմանաբնույթ հանդիպումները և հավաստիացրեց, որ դրանք շարունակական են լինելու:
«Շնորհակալ եմ մեր բանախոսին ամփոփ դասախոսության համար, այն հնարավորություն ընձեռեց ուսանողներին ծանոթանալու Մեքսիկայի մշակույթին, սովորույթներին, ավանդույթներին»,- ասաց ամբիոնի վարիչը:
Հանդիպումն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով. ուսանողները տեղեկացրին Անա Գարսիային, որ շատ կցանկանային մեքսիկացի հայտնի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի մասին պատմող դասախոսություն լսել, ինչին ի պատասխան՝ բանախոսը խոստացավ առաջիկայում ևս մեկ դասախոսություն նվիրել հենց այդ թեմային:
Անգին Խաչատրյան