- Главная
- Node
- ԿՈՒՐՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԻ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Марта 12, 2020 | 16:51
Հասարակություն
ԿՈՒՐՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԻ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 4 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը:
Օրակարգային առաջին հարցին անդրադառնալով՝ ԵՊՀ ռեկտորի ժ. պ. պարոն Գեղամ Գևորգյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց 2020-2021 ուստարվա ԵՊՀ ուսման վարձավճարների չափերը՝ նշելով, որ նախօրոք եղել են խորհրդակցություններ ֆակուլտետների դեկանների հետ, և ձեռք բերվել պայմանավորվածություններ: Գիտխորհուրդը հաստատեց ներկայացված առաջարկությունը:
Այնուհետև ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ներկայացրեց բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգի հաստատման հարցը:
Ըստ կարգի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական մի շարք դասընթացներում ներմուծվում է հետազոտական աշխատանք, որն իրականացվելու է տվյալ դասընթացի շրջանակում հետազոտության կատարման և ներկայացման միջոցով:
Հետազոտական աշխատանքի ներմուծման նպատակն է խթանել ուսանողի անհատական կամ խմբային հետազոտություն կատարելու ունակությունները և նպաստել նրա մասնագիտական հմտությունների զարգացմանը:
Էլինա Ասրիյանը հիշեցրեց, որ առաջին կիսամյակում արդեն մեկնարկել էր հետազոտական բաղադրիչի ներմուծման պիլոտային ծրագիրը, որի վերաբերյալ իրականացվել են մշտադիտարկումներ, արվել վերլուծություններ և հետևություններ, որոնք հիմք են հանդիսացել կարգի բարելավմանը:
Պրոռեկտորի հավաստմամբ, այն փոխարինելու է կուրսային աշխատանքին: Առաջարկությունից հետո հնչեցին հարցադրումներ և առարկություններ, որոնց վերաբերյալ քննարկումից հետո գիտխորհուրդը հաստատեց ներկայացված կարգը:
Այնուհետև ԵՊՀ պրոռեկտորը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ դասախոսական կազմի ուսումնական և ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերը:
Էլինա Ասրիյանը պարզաբանեց, որ սեպտեմբերին, երբ մագիստրոսական բոլոր ծրագրերը ենթարկվեցին մշտադիտարկման, բացահայտվեց, որ կա մեծ խնդիր՝ կապված պրակտիկայի կազմակերպման հետ. «Հաշվարկի նորմերում առաջարկում ենք ավելացնել դրույթ, որը նախկինում չկար: Ըստ այդ դրույթի՝ նախատեսվում է մագիստրատուրայում յուրաքանչյուր ուսանողի համար պրակտիկայի կազմակերպումն իրականացնելու համար ավելացնել 4 ժամ»:
Ներկայացնելով առաջարկվող մյուս փոփոխությունը՝ Է. Ասրիյանն ասաց, որ այն վերաբերում է կուրսային աշխատանքը հետազոտական աշխատանքով փոխարինելուն: Բացի դրանից՝ նա նշեց, որ 2019 թ. հաստատված փաստաթղթում ամրագրված է հոսքի 60-հոգանոց խումբ. «Անհասկանալի է, թե որ դեպքում կարելի է այն կիսել: Մենք առաջարկում ենք, որ հոսքը բաղկացած լինի 60-75 հոգուց, ինչը կնշանակի, որ 75+1 ուսանողի դեպքում հոսքը ենթակա է կիսվելու»:
ԵՊՀ պրոռեկտորը նշեց, որ առաջարկվում է նաև ուսումնական խորհրդատուին (կուրատորին) տրվող դասաժամերն ավելացնել կրթական ծրագրի ղեկավարի դասաժամերին. «Այսինքն՝ կրթական ծրագրի ժամերը պահպանելով՝ ավելացնել դրանց ևս 30 ժամ, որոնք հատկացնում էինք ուսումնական խորհրդատվության համար»:
Ներկայացված նախագծի վերաբերյալ ևս տեղի ունեցավ քննարկում, որը վերաբերում էր ասպիրանտների և հայցորդների ղեկավարման համար տրվող ժամերին: Ըստ ներկայացված նախագծի՝ տարվա ընթացքում 1 առկա ասպիրանտի համար նախատեսվում է 70 ժամ, հեռակա ասպրանտի համար` 50 ժամ, իսկ 1 հայցորդի համար` 25 ժամ:
Տարբեր կարծիքներից հետո որոշվեց հարցը քվեարկության դնել երկու մասով՝ ասպիրանտների և հայցորդների ղեկավարման համար տրվող ժամերի վերաբերյալ իրականացնելով առանձին քվեարկություն: Ի վերջո, գիտխորհուրդը հաստատեց ներկայացված նախագիծը:
Անցնելով օրակարգային վերջին հարցին՝ ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը զեկուցեց ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժինը, ինչպես նաև ԵՊՀ գիտական հանդեսների խմբագրությունները ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության կազմում ընդգրկելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին առաջարկություն ներկայացնելու մասին:
Հարցի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում, մասնավորապես հարցի այն բաղադրիչը, թե առաջարկվող փոփոխությունը համարվում է կառուցվածքային փոփոխություն և պետք է հաստատվի Հոգաբարձուների խորհրդի կողմից, թե ոչ, և կարող է իրականացվել ռեկտորի հրամանի համաձայն: Քննարկվեց նաև առաջարկվող փոփոխության արդյունավետության վերաբերյալ այն դրույթը, որ ասպիրանտուրան կրթական երրորդ աստիճանն է և չի կարող ամբողջովին անմասն մնալ ուսումնական գործընթացից:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը պարզաբանեցին, որ առաջարկվող փոփոխությունը կառուցվածքային փոփոխություն է և պետք է հաստատվի Հոգաբարձուների խորհրդի կողմից: Ռաֆայել Բարխուդարյանն էլ նշեց, որ փոփոխությունը չի ենթադրում, որ այն դուրս է մնալու ուսումնական գործընթացից:
Գիտխորհուրդը հաստատեց առաջարկությունը:
Ընթացիկ հարցերի շրջանակում գիտխորհուրդը որոշեց ՀՀԻ հայ-վրացական հարաբերությունների բաժնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հրաչիկ Բայրամյանի «Վրացերենի դասընթաց» աշխատանքը որպես դասագիրք հաստատելու հարցում միջնորդել ՀՀ ԿԳՄՍՆ-ին:
Նիստի մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:
Քնար Միսակյան