- Главная
- Node
- ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՈՒՍՈՒՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Марта 27, 2020 | 17:26
Կրթություն
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՈՒՍՈՒՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ելնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակից՝ ԵՊՀ ֆակուլտետները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ ըստ սահմանված դասատախտակի անցնելով հեռավար ուսուցման:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտն այսօր, օգտվելով հեռավար ուսուցումը կազմակերպելու առցանց հարթակներից, անցկացրել է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտական խորհրդի նիստ, որի ժամանակ նախնական քննարկման և գիտական խորհրդի եզրակացության նախագծի հաստատման է դրվել ինստիտուտի ասպիրանտներից մեկի՝ Հայկ Պետրոսյանի ատենախոսական աշխատանքը, ինչպես նաև Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի հայցորդ Հովհաննես Ղազարյանի թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի հաստատման հարցը:
Անցկացված գիտական խորհրդի նիստի, հեռավար ուսուցման ընթացքի, արդյունավետության, ուսանողների ներգրավվածության և առկա խնդիրների մասին զրուցեցինք ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանի, Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանի հետ:
Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբ մարտի 16-ին երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, Ֆարմացիայի ինստիտուտը, ըստ ամբիոնների ծանրաբեռնվածության և սահմանված դասատախտակի, շարունակել է իր բնականոն աշխատանքը․ «Դասընթացներն անցկացվում են՝ ըստ ամբիոններում սահմանված ժամատախտակի, երբեմն 90 րոպե տևողությամբ սահմանված դասաժամերից հասնելով մինչև 2 և ավելի ժամ տևողությամբ քննարկումների և դասախոսությունների»։
Վերջինս տեղեկացրեց, որ հեռավար դասընթացներին ուսանողների և դասախոսների ներգրավվածությանը հետևում է անձամբ․ «Կարող եմ փաստել, որ բավականին ակտիվ և պատրաստակամ են թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, երբեմն նույնիսկ ինձ թվում է՝ առցանց հարթակում ուսանողներն ավելի ազատ և անկաշկանդ են իրենց դրսևորում, քան լսարաններում»:
Այդուհանդերձ, ներկա վիճակի լավագույն ելքը դիտարկելուց զատ՝ Աշոտ Սաղյանը խոսեց հեռավար ուսուցման բացասական կողմերի և առկա խնդիրների մասին:
«Մենք ուսանողներ ունենք ՀՀ ողջ տարածքից, նրանցից ոմանք համացանցից օգտվելու և առցանց դասընթացներին մասնակցելու խնդիրներ ունեն, որոնք, ցավոք, դեռևս չեն լուծվում. նրանք բաց են թողնում ծրագրային դասընթացները, ինչը, կարծում եմ, հեռավար ուսուցման թերի կողմը և բացասական հետևանքներից մեկն է»:
Այնուամենայնիվ, պրոֆեսորը տեղեկացրեց, որ հեռավար ուսուցման դասընթացներին մասնակցում է ուսանողների մոտ 60-65 %-ը:
«Որքան էլ արտակարգ իրավիճակում կարողանում ենք կազմակերպել ուսումնական գործընթացի շարունակությունը, այնուամենայնիվ ես մաղթում եմ մեր հասարակությանը շուտափույթ դուրս գալ այս իրավիճակից և անցնել բնականոն կենսագործունեությանը»,- նշեց Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը:
Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանից էլ հետաքրքրվեցինք, թե առցանց ինչպիսի հարթակներ են օգտագործում՝ հեռավար ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար․ «Դասընթացներն անցկացնում ենք «Gmail.com», «Zoom», « Skype», «E-learning.ysu.am», «Moodle» և այլ առցանց հարթակների միջոցով, որոնց մասնակցում է ինստիտուտում սովորող ուսանողների մեծ մասը»։
Վերջինիս պնդմամբ, առցանց հարթակում ուսանողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում դասապրոցեսին և գոհունակությամբ խոսում այդ մասին:
«Հարցուպատասխանի ձևաչափով, առաջադրանքների լրիվ կատարմամբ և ուսանողների պատրաստակամությամբ կարելի է բնութագրել ամենօրյա մեր դասապրոցեսը»,- նշեց տիկին Հովհաննիսյանը:
Ֆարմացիայի ինստիտուտում իրականացվող հեռավար ուսուցման մասին մենք խոսեցինք նաև ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Արշակյանի հետ:
Վերջինս դասընթացներին մասնակցում է հայրենի գյուղից: Նրա տեղեկացմամբ, ուսանողներից ոմանց անհանգստացնող համացանցի և ինտերնետային կապի անհասանելիությունն իրեն չի սպառնում․ «Հեշտությամբ կարողանում եմ օգտվել «Zoom» ծրագրից. այն բավականին արդյունավետ է և շատ քիչ է տարբերվում մեր դասերից»։
Ուսանողուհու փոխանցմամբ, կուրսն ամբողջությամբ ներգրավված է դասընթացներին, իսկ դասախոսները դասը վարում են հասկանալի և մատչելի:
Անգին Խաչատրյան