- Главная
- Node
- ԱՄՌԱՆԸ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ն ՈՐԴԵԳՐԵԼ Է «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ
Августа 27, 2020 | 12:33
ԱՄՌԱՆԸ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ն ՈՐԴԵԳՐԵԼ Է «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ամառվա երեք ամիսների ընթացքում արտակարգ դրության պայմաններում կազմակերպել է բազմաթիվ դասախոսություններ, վիրտուալ շրջայցեր տարբեր թանգարաններում և այլ միջոցառումներ:
Արձակուրդի ընթացքում ֆակուլտետի ՈՒԳԸ-ի յութուբյան ալիքում պարբերաբար տեղադրվել են տարբեր թեմաներով դասախոսություններ, որոնք ուսանողներին հնարավորություն են ընձեռել վերհիշելու անցած թեմաները և ստանալու նոր գիտելիքներ:
Դասախոսություններ տեղադրելուց բացի՝ կազմակերպվել են առցանց հատուկ հանդիպում-քննարկումներ:
Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած առցանց դասախոսություններից մեկը կրում էր «Հայաստանը վաղ քրիստոնեական դարաշրջանում» խորագիրը: Վերջինիս բանախոսն էր Ամերիկայի կաթոլիկ համալսարանի (Վաշինգտոն, ԱՄՆ) պրոֆեսոր Ռոբին Դարլինգ Յանգը։
Պրոֆեսոր Ռոբին Դարլինգ Յանգը խոսել է Հին Սիրիայի և Հայաստանի քրիստոնեական մշակույթների մասին:
2019-2020 ուստարվա ամառային արձակուրդի ընթացքում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպվել են վիրտուալ շրջայցեր թանգարանում:
Հայաստանի պատմության թանգարանում ուսանողների համար շրջայցերն անցկացրել է թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Լիլիթ Հովհաննիսյանը:
Էքսկուրսավարը ներկայացրել է թանգարանում առկա իրերը, վերջիններիս պատմությունը: Լիլիթ Հովհաննիսյանը նշել է, որ թանգարանը ցուցադրում է Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը։
Նմանատիպ հանդիպումներից մեկի ընթացքում էլ էքսկուրսավարը խոսել է տարազների և խաչքարերի մասին:
Պատմության ֆակուլտետի ուսանողները տեղեկացել են, որ տարազը կազմված է արևմտահայկական և արևելահայկական համալիրներից, որոնք ունեն էական առանձնահատկություններ: Էքսկուրսավարը նաև նշել է օրինակներ, որ կանանց տարազի կարևոր մաս համարվող գոգնոցը բացակայում է արևելահայկական տարազներում, և ի տարբերություն արևելահայկականի՝ արևմտյան գավառներում տարազները ճոխ ասեղնագործվել են:
Անդրադարձ է կատարվել խաչքարերի հիմնական տեսակներին: Խոսվել է միջնադարյան սովորության մասին, երբ խաչքարերը ներկել են կարմիր գույնով: Կարմիրով ներկված են եղել Թալինի 8-10-րդ դարերի մի քանի խաչքարեր, Կողբի երկու որմնափակ խաչքարերը և այլն:
Տեղեկացնենք, որ վիրտուալ շրջայցերին մասնակցել են ոչ միայն ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները, այլև ուսանողներ այլ կրթական հաստատություններից, ինչպես նաև ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի մեր հայրենակիցներից:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, արձակուրդի ընթացքում էլ չդադարեցնելով իր աշխատանքը և ակտիվ գործունեությունը, նախաձեռնել է ևս մեկ առցանց դասախոսություն՝ նվիրված հայրենիք-սփյուռք հարաբերություններին:
Դասախոսության բանախոսն էր Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Ղանալանյանը:
ԵՊՀ պատմության, ժուռնալիստիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ՈՒԳԸ-ների համատեղ նախաձեռնությամբ էլ կազմակերպվել է դասախոսություն՝ նվիրված ժողովրդագրական հիմնախնդիրներին:
Դասախոսության բանախոսն էր Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը: Նա խոսել է ժողովրդագրական տարբեր հիմնախնդիրների մասին:
Մեզ հետ զրույցում Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սիրանույշ Բաղումյանն ասաց, որ այս ուսումնական տարում սպասվում են նոր համագործակցություններ ու ավելի լայնամասշտաբ դասախոսություններ։
Մարինա Առաքելյան