- Главная
- Node
- ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Сентября 01, 2020 | 15:55
Հասարակություն
ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետն այսօր դիմավորեց առաջինկուրսեցիներին, որոնք ծանոթացան ֆակուլտետի կառուցվածքին, գործունեությանը, կրթական ծրագրերին և անցած ճանապարհին:
Ուսանողներին ողջունեց ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, որը շնորհավորեց նրանց՝ իրենց ճանապարհին հանդիպած դժվարությունները և խոչընդոտները հաղթահարելու, ինպես նաև արտակարգ դրության պայմաններում քննական շրջանը հնարավորինս լավ արդյունքներով ամփոփելու համար:
«Դուք 101-ամյա համալսարանի ամենամեծ ֆակուլտետի ուսանողներն եք: Իր 30-ամյա գործունեության ընթացքում ֆակուլտետն իրականացրել է վիթխարի աշխատանք՝ նպաստելով ոլորտում լավագույն կադրերի պատրաստմանը և թարգմանչական մտքի զարգացմանը»,- նշեց դեկանը:
Խոսելով ֆակուլտետի և օտարեկրյա բուհերի ու դեսպանատների միջև ակտիվ համագործակցության մասին՝ Գևորգ Բարսեղյանը կոչ արեց ուսանողներին լավ սովորել և դառնալ ոլորտի լավագույն մասնագետներից. «Ձեզ բախտ է վիճակվելու լսել ԵՊՀ և օտարերկրյա բուհերի համագործակցության արդյունքում ԵՊՀ ժամանած դասախոսներին, թարգմանիչներին ու հարստանալ նրանց փորձով և գիտելիքներով»:
Ուսանողներին ողջունեցին և շնորհավորեցին Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը:
Սեդա Գասպարյանի բնորոշմամբ, ուսանողների համար այս օրն ամենահիշարժան պահերից մեկն է. «Այսօր ձեր կյանքի ամենահիշարժան օրերից է։ Սա առաջին լուրջ քայլն է, որը հետագայում կուղղորդի ձեզ անցնելու կյանքի դժվարին արահետներով և գտնելու ձեր ճիշտ տեղը»։
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության բաժնի ուսանողուհի Լուսինե Արիստակեսյանը ոգևորությամբ է եկել նախընտրած ֆակուլտետ. «Մեզ՝ առաջինկուրսեցիներիս համար նպատակահարմար էր ուսուցումը կազմակերպել առկա եղանակով: Հուսանք՝ կկարողանանք արտակարգ պայմաններում արդյունավետ կազմակերպել և մասնակցել ուսումնական գործընթացին»:
Նշենք, որ առաջինկուրսեցիները ծանոթացան նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի գործունեությանը և կառուցվածքին՝ հետագայում կենտրոնի սաների շարքերը համալրելու և մշակութային կյանքը նոր ուղղությամբ ներկայացնելու նպատակով:
Անգին Խաչատրյան