- Главная
- Node
- ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԱՄԲԻՈՆԸ՝ «TOPAS» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Апреля 26, 2021 | 14:29
Գիտություն
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԱՄԲԻՈՆԸ՝ «TOPAS» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Երևանի պետական համալսարանը մասնակցում է Ագրագիտության տեսական կողմնորոշվածությամբ գործնական ուսուցում «Erasmus+ KA-2»-ի կողմից ֆինանսավորվող «TOPAS» ծրագրին։
Այս մասին զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, ԵՊՀ «TOPAS» ծրագրի կարգավորող Արամ Առաքելյանի հետ։
Նշենք, որ «TOPAS» ծրագրի նպատակն է համալրել Ուկրաինայի, Հայաստանի և Ուզբեկստանի գյուղատնտեսության բարձագույն կրթության ոլորտում առկա այն բացը, որը ժառանգվել է նախկին ԽՍՀՄ-ից, ներմուծել և կատարելագործել մասնագիտական ուղղվածություն ունեցող գործնական նշանակության ծրագրեր, որոնք հիմնված են արդի ուսուցման փորձի և ունակությունների վրա:
«Ծրագրերը նպատակաուղղված են նախկին և նոր շրջանավարտներին արդի, ճկուն տեսական և գործնական գիտելիքներ հաղորդելուն, ագրարային կառավարման տարբեր ծրագրերի իրականացման համար թափանցիկություն ապահովելուն՝ խթանելով համագործակցությունը համալսարանների և շահագրգիռ կողմերի (ագարակների, գյուղատնտեսության ոլորտի միությունների և արդյունաբերական կազմակերպությունների) միջև»,- ասաց Արամ Առաքելյանը։
Նա նշեց, որ ծրագրի շրջանակում կազմակերպվում և իրականացվում են իրական աշխատանքային միջավայրում գործնական ուղղվածություն ունեցող դասընթացներ, ինչի շնորհիվ մասնակիցները ստանում են աշխատանքային շուկայի պահանջարկի վերլուծություն անելու և որոշումներ կայացնելու ունակություններ։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ «TOPAS» ծրագրի կարգավորողն ասաց, որ ԵՊՀ-ից ծրագրին մասնակցում են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողներն ու մագիստրանտները։
Կատարելով ծրագրի պահանջները՝ ԵՊՀ մասնակիցները պատրաստել են Ագրարային տնտեսագիտության առցանց դասավանդման դասընթացներ, Ագրարային տվյալների բազայի կառավարման տեղեկատվական համակարգ և Ագրարային տվյալների առցանց (ագարակի դաշտային տվյալների հաղորդումը սերվերին) հաղորդման հեռախոսային հավելված։
Մարինա Առաքելյան