- Главная
- Node
- «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ. ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Декабрь 07, 2021 | 14:29
Հասարակություն
«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ. ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել պանելային քննարկում՝ նվիրված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանը և նախագահության անդամ Դավիթ Թովմասյանը պանելային քննարկման սկզբում փաստեցին, որ Հայաստանում բավականին երկար ժամանակ քննարկվում էր առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման հարցը, ինչն ընդունվել է ԱԺ երկրորդ ընթերցմամբ:
«Ինստիտուտի ներդրման օգտին խոսում են միջազգային մի շարք փաստաթղթեր: Գոյություն ունի վիճակագրական տվյալների լայն շտեմարան, որը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը շրջանառությունից դուրս հանելու գործընթացում այդ գործիքի կիրառման արդյունավետությունը»,- ասաց Գոհար Ավագյանը:
Դավիթ Թովմասյանն էլ փաստեց, որ Հայաստանում բռնագանձման վարույթը կարգավորվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով: Նրա խոսքով, թեև այդ վարույթի գոյությունը Հայաստանում ընդհանուր առմամբ կարելի է արդարացված համարել, սակայն իրավական տեսանկյունից այն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս. «Այսօրվա քննարկման նպատակը հենց այդ խնդրահարույց հարցերի ուսումնասիրությունն է»:
Միջոցառման մոդերատորները՝ Գ. Ավագյանը և Դ. Թովմասյանը, նշեցին, որ քննարկման օրը ևս պատահական չէ ընտրված. «Դեկտեմբերի 6-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Հատկանշական է, որ որպես սույն օրենքի հիմնավորում՝ վկայակոչվում են «Սթար» նախաձեռնությունը, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիան, ՄԻԵԴ-ի որոշումներն ու դիրքորոշումները և ԵՄ փաստաթղթեր»:
Այսօր տեղի ունեցած պանելային քննարկման բանախոսներն էին ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը և Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սրբուհի Գալյանը:
Քննարկումը բաղկացած էր երկու փուլից. նախևառաջ հարցուպատասխանի ձևաչափով բանախոսները պարզաբանեցին տրված խնդրահարույց հարցերը և ներկայացրին համապատասխան լուծումները, իսկ քննարկման երկրորդ փուլում արդեն նրանք պատասխանեցին միջոցառման մասնակիցների հարցերին:
Տիգրան Մարկոսյանը նշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը հետաքրքրական հարցերից է՝ պայմանավորված նախևառաջ այն հանգամանքով, որ այն իսկապես նորույթ է հայաստանյան իրավական համակարգի համար:
«Այս առումով հայրենական իրավագիտությունն ու դատավարագիտությունը, կարելի է ասել, ընդհանրապես անդրադարձ չեն պարունակում քննարկվող հարցերին, և ըստ այդմ՝ չկան գիտականորեն հիմնավորված ձևակերպումներ: Մյուս կողմից՝ օրենքի քննարկման փուլում հնչել են տարբեր տեսակետներ խնդրահարույց ասպեկտների վերաբերյալ: Այսինքն՝ նմանօրինակ քննարկումները կարող են օժանդակել հարցերին ավելի խորությամբ ծանոթանալուն, որոշակի մոտեցումներ, ինչու չէ, նաև պրակտիկայի և օրենսդրության զարգացման ուղենիշներ ձևակերպելուն»,- ասաց քննարկման բանախոսը:
Սրբուհի Գալյանն էլ փաստեց, որ այսօրինակ ձևաչափով կազմակերպվող միջոցառումներն իրապես շատ կարևոր են. «Հատկապես այն հանգամանքի շնորհիվ, որ դրանք ուղեկցվում են ուսանողների ակտիվ ներգրավվածությամբ: Փորձը ցույց է տալիս, որ ուսանողները շատ դեպքերում նկատում են խնդրահարույց հարցերը, որոնք կարող են առկա լինել այսօր կիրառվող օրենսդրական ակտերում»:
Տիգրան Մարկոսյանը և Սրբուհի Գալյանը քննարկման ժամանակ ընդհանուր դրույթներով ներկայացրին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առանձնահատկություններն ու ընթացակարգը, վեր հանեցին, թե պրակտիկայում ինչպես է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտն այսօր կիրառվում, ինչ դեր ունի դատախազությունը՝ որպես հիմնական սուբյեկտ, անդրադարձ կատարեցին միջազգային պրակտիկային և պատասխանեցին հնչած այլ հարցերին:
Բացի ուսանողներից՝ միջոցառմանը ներկա էին նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք նույնպես առաջ քաշեցին ինստիտուտի կիրառելիության հետ կապված որոշակի խնդրահարույց հարցադրումներ:
Հանդիպման ավարտին թե՛ բանախոսները, թե՛ մասնակիցներն ընդգծեցին, որ նմանաբնույթ միջոցառումներն իրենց կարևորությամբ ուսումնառության մաս են կազմում: ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը փաստեց, որ սույն ինստիտուտի կարևորությունը հիմք է հանդիսացել այն ներառելու ուսումնական ծրագրի մեջ, շնորհակալություն հայտնեց ֆակուլտետային ՈՒԽ-ին, ինչպես նաև բանախոսներին այս կարևոր միջոցառումը նախաձեռնելու և կայացնելու համար՝ ընդգծելով, որ այն կարելի է համարել ուսանողների և դասախոսական կազմի ստացված համագործակցության արդյունք: