- Главная
- Node
- ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ, ԳՐԱՎԻՉ ԵՎ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
Декабрь 07, 2021 | 14:37
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ, ԳՐԱՎԻՉ ԵՎ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն այսօր հյուրընկալել է Երևանի թիվ 139 և թիվ 170 դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին:
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված այցի նպատակն ապագա ուսանողներին մասնագիտական կողմնորոշման հարցում օգնելն է:
Հանդիպման սկզբում, ավանդույթի համաձայն, ուսանողներին դիմավորեց Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ողջունեց հանդիպման մասնակիցներին՝ արդյունավետ օր մաղթելով նրանց:
Այնուհետև տնտեսագետի մասնագիտության և տնտեսագիտության առանձնահատկություններից խոսեց ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի տեղակալ, դոցենտ Աննա Հակոբջանյանը: Նա պատմեց ֆակուլտետի կառուցվածքի մասին՝ նշելով, որ ամբիոնը սպասարկում է «Կառավարում» մասնագիտացումը. «Բիզնես կառավարումը շատ ժամանակակից, գրավիչ և պահանջված մասնագիտություն է, որը բավականին բարձր է վարձատրվում»:
Հանդիպման ընթացքում ԵՊՀ դոցենտն անդրադարձավ մասնագիտության պահանջարկին և դաշտում առկա մարտահրավերներին, մանրամասն բացատրեց այն դրույթները, որոնք անհրաժեշտ են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ ընդունվելու և լավ մասնագետ դառնալու համար։
Մեզ հետ զրույցում թիվ 170 դպրոցի աշակերտներին ուղեկցող, ուսուցչի օգնական Աստղիկ Միազյանը դրական գնահատեց նմանատիպ այցերը՝ ընդգծելով, որ դրանց շնորհիվ պատկերացումը ֆակուլտետի ու մասնագիտության մասին ավելի համապարփակ է դառնում։