- Главная
- Node
- Կայացավ «ՀՀ անվտանգության մարտահրավերները և Սյունիքի մարզը. պատմություն և արդի մարտահրավերներ» խորագրով աշխատաժողովը
Декабрь 08, 2021 | 15:48
Գիտություն
Ուսանողական
Կայացավ «ՀՀ անվտանգության մարտահրավերները և Սյունիքի մարզը. պատմություն և արդի մարտահրավերներ» խորագրով աշխատաժողովը
Դեկտեմբերի 7-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «ՀՀ անվտանգության մարտահրավերները և Սյունիքի մարզը. պատմություն և արդի մարտահրավերներ» աշխատաժողովը՝ կազմակերպված ԵՊՀ պատմության և արևելագիտության ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների կողմից։
Աշխատաժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ հարգելով Արցախյան բոլոր պատերազմների և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Բացման խոսքով հանդես եկան երկու ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների նախագահներ Տաթև Հակոբյանը և Տաթևիկ Դունամալյանը։ Աշխատաժողովի կազմակերպումը կարևորեց Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը՝ հակիրճ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքներին, ՀՀ և ԱՀ առջև ծառացած խնդիրներին։
Նախաձեռնությունը ողջունեց հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ․ գ․ թ․ Միքայել Մալխասյանը՝ ընդգծելով, որ ՈւԳԸ-ն ավանդույթ է ձևավորել նշելու Պատմաբանի օրը ինչպես ԵՊՀ շրջանակում, այնպես էլ արդեն նրանից դուրս։
«Այսօր ադ բարի ավանդույթի մի մասն է նաև աշխատաժողովների կազմակերպումը․-շարունակեց Մ․ Մալխասյանը,- այս աշխատաժողովը մեկտեղել է ոչ միայն պատմաբաններին, այլև արևելագետներին»։ Աշխատաժողովին մասնակցելու համար ստացվել է շուրջ 100 հայտադիմում, որոնցից էլ մրցութային կարգով ընտրվել են 70-ից ավելի հայտատուներ։
Աշխատաժողովի մասնակիցների թվում էին նաև Սյունիքից ժամանած երիտասարդները, որոնց աջակցել է «Արամազդ» հիմնադրամը։ «Առհասարակ բոլոր մասնակիցներին, բայց առաջին հերթին Սյունիքից ժամանած մասնակիցներին պետք է շնորհակալություն հայտնել հետաքրքրություն ցուցաբերելու, մտահոգ լինելու եղած խնդիրներով և պատրաստակամ լինելու դրանք քննարկել, գաղափարներ առաջադրել այստեղ»։
Աշխատաժողովի օրակարգը հագեցած էր բանախոսություններով և խմբային աշխատանքներով։ «Իրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ վարվող արտաքին քաղաքական գծի օրինակով. Սյունիքի մարզը՝ որպես այդ քաղաքականության կարևորագույն առանցք» խորագրով զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ, բ․ գ․ թ․ Արտյոմ Տոնոյանը, իսկ «Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը և պանթուրանական նկրտումները՝ որպես ՀՀ անվտանգության սպառնալիք և գոյութենական վտանգ (Սյունիքի մարզի անվտանգությանը սպառնացող մարտահրավերների օրինակով)» խորագրով զեկուցմամբ՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ, պ․ գ․ թ․ Վարուժան Գեղամյանը։
Ա․ Տոնոյանը ներկայացրեց Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և վերաբերմունքը Սյունիքի ու Արցախի նկատմամբ։ Վ․ Գեղամյանը խոսեց ՀՀ տարածքի աշխարհագրական նշանակությունից և Թուրքիայի ներկայումս նաև նեոօսմանյան անվանվող քաղաքականությունից։
Այնուհետև մասնակիցները բաժանվեցին խմբերի և փորձեցին ՀՀ, իսկ մասնավորապես Սյունիքի մարզի շուրջ ստեղծված իրավիճակի համար հնարավոր ելքեր ու լուծումներ գտնել։ Խմբերի առաջարկները քննարկվեցին բանախոսների և մասնակիցների հետ, ինչը առիթ հանդիսացավ պետության խնդիրներում երիտասարդության դերի շուրջ մտքերի փոխանակման։
Հաջորդիվ ելույթ ունեցավ Մ․ Մալխասյանը «Ժողովրդագրական գործընթացների արդի միտումները՝ որպես ՀՀ անվտանգության մարտահրավեր (Սյունիքի մարզի օրինակով)» թեմայով։ Նա անդրադարձավ ՀՀ-ում ծնելիության և մահացության ներկա մտահոգիչ ցուցանիշներին և ժողովրդագրական զարգացման ազգային հայեցակարգի մշակման անհրաժեշտությանը։ Աշխատաժողովն ամփոփվեց Հայաստան-Ադրբեջան սահմանազատման խնդրի և ՀՀ անվտանգությանը սպառնացող մարտահրավերների մասին պանելային քննարկումով։
Աշխատաժողովի մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, կազմակերպվեց նրանց այցը Եռաբլուր պանթեոն և Երևանի պատմության թանգարան։