- Главная
- Node
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՏԱՌ ՂՓՉԱՂԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ
Декабрь 08, 2021 | 18:16
Հասարակություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՏԱՌ ՂՓՉԱՂԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության արդի հիմնահարցերին:
Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ: Այն անցկացվում էր Հայաստանի ու Ղազախստանի անկախության 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, տեսակապով մասնակցում էր նաև Մոնղոլիայում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ժալգաս Ադիլբաևը:
Ղազախ բարձրաստիճան դիվանագետները բարձր գնահատեցին ԵՊՀ-ի և Ղազախստանի առաջատար բուհերի ու ակադեմիական ինստիտուտների մասնագետների բազմամյա և արդյունավետ համագործակցությունը:
ԵՊՀ ռեկտորատի անունից գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը:
Գիտաժողովին ծավալուն համատեղ զեկուցմամբ հանդես եկան ԵՊՀ ՀՀԻ տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, ԵՊՀ ՀՀԻ բաժնի վարիչ, Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Լուսինե Սահակյանը, որոնք համահեղինակաբար հրատարակել են մի շարք գիտական հոդվածներ, հանդես եկել գիտական զեկուցումներով (տարբեր լեզուներով և տարբեր երկրներում)՝ նվիրված հայ-ղազախական գիտամշակութային կապերին և հայատառ ղփչաղերեն ձեռագրերի պատմաբանասիրական համալիր ուսումնասիրության հիմնահարցերին:
Համազեկուցողները կարևորել էին հայատառ ղփչաղերեն տեքստերի լեզվի՝ «Կոդեքս Կումանիկուսի», ղփչաղերեն այլ լեզուներով հուշարձանների համեմատական ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով այն անվիճելի իրողությունը, որ մաշտոցյան այբուբենն ավելի լավ է արտացոլում թյուրքական լեզուների հնչյունական համակարգը, քան այլ այբուբեններ:
Նրանք ընդգծեցին Հյուսիսային Եվրասիայում կրոնական և ազգային հանդուրժողականության, տարբեր ժողովուրդների փոխշահավետ համագործակցության դարավոր ավանդույթների ուսումնասիրության և քարոզչության հրամայականը:
Հեռավար անցկացված գիտաժողովին մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել Ղազախստանի ակադեմիական ազգային գրադարանի տնօրեն, Ղազախստանի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ու. Մունալբաևան, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վարդան Դևրիկյանը, Ղազախստանի Լ. Ն. Գումիլյովի անվան ազգային համալսարանի ներկայացուցիչներ բ.գ.դ., պրոֆեսոր Ն. Շայմերդինովան, պ.գ.դ., պրոֆեսոր Բ. Սոմժուրեկը, Թեհրանի Ազատ համալսարանի հայագիտության ամբիոնի բազմամյա վարիչ, բանասիրության դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը (Իրանի Իսլամական Հանրապետություն), Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի ներկայացուցիչ Օ. Կարապետյանը, ճանաչված միջնադարագետ, պրոֆեսոր Միրլան Նամատովը (Ղրղզստան, Ֆրանսիա), Կալուգայի Կ. Ցիալկովսկու անվան պետական համալսարանի պրոֆեսոր, վաստակաշատ հոգեբան և դատաբժշկական փորձագետ, հ.գ.դ. Վալի Ենգալիչևը (ՌԴ):
Գիտաժողովին ողջույնի ուղերձներ էին հղել Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան, պ.գ.դ., ճանաչված իրանագետ և հասարակական գործիչ Էդ. Խուրշուդյանը, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի գիտության ու մշակույթի այլ գործիչներ:
Գիտաժողովի բոլոր մասնակիցները շեշտեցին ԵՊՀ-ի բացառիկ դերը հայագիտության և թյուրքագիտության հատման տիրույթի տարբեր հարցերի ուսումնասիրության, հայ-ղազախական մշակութային կապերի և դարավոր բարեկամության ամրապնդման գործում:
Միջոցառման ընթացքում հրապարակվեց ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանին «Աբայ» մեդալով պարգևատրելու մասին որոշումը: