- Главная
- Node
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Декабрь 09, 2021 | 14:58
Հասարակություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր այցելություն Երևանի թիվ 198 ավագ դպրոց:
Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումները շատ կարևոր նշանակություն ունեն աշակերտների համար և հնարավորություն են տալիս կողմնորոշվելու մասնագիտական ընտրության կարևորագույն հարցում:
Աշակերտների հետ հանդիպումն այս անգամ անցկացնում էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Ղազար Ավետիսյանը:
Հանդիպման սկզբում աշակերտները դիտեցին ԵՊՀ-ում ուսանելու մասին պատմող տեսաֆիլմ, այնուհետև Ղազար Ավետիսյանն աշակերտներին ներկայացրեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետն ու ԵՊՀ-ում կրթություն ստանալու առավելությունները:
ԵՊՀ դոցենտն ապագա ուսանողներին ներկայացրեց փիլիսոփայության ոլորտում մասնագիտանալու առանձնահատկություններն ու մասնագիտությանն առնչվող մի շարք կարծրատիպեր. «Փիլիսոփայությունը վերացական երևույթ չէ, այն առավել քան առարկայական է և առնչվում է մեզնից յուրաքանչյուրին, ուստի կարող է կիրառվել շատ տարբեր ոլորտներում՝դարձնելով ձեզ ոլորտի պահանջված մասնագետներ»:
Այնուհետև տեղի ունեցավ հարցուպատասխան, որի ընթացքում Ղազար Ավետիսյանը պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին:
Ապագա ուսանողների ցանկությամբ ծավալվեց նաև զրույց «Հայրենասիրություն» թեմայով, որի ընթացքում քննարկվեցին արդիական մի շարք հարցեր և գաղափարներ:
Ղազար Ավետիսյանը հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն, և ներկաներին ողջունելու առիթ ևս մեկ անգամ կընձեռվի՝ այս անգամ Մայր բուհի հյուրընկալ պատերից ներս: