- Главная
- Node
- ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Декабрь 09, 2021 | 17:33
Հասարակություն
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի փակման արարողությունը:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Ապագայի մանդատ» երիտասարդական ՀԿ-ի համագործակցության շրջանակում կյանքի կոչված ծրագրի նպատակն է չեզոքացնել խոցելի երիտասարդների (տեղահանված անձինք, փախստականներ, սոցիալապես խոցելի և այլն) սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց զբաղվածության, տնտեսական և քաղաքացիական մասնակցությանը:
Ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ելույթով հանդես եկավ երիտասարդական ՀԿ-ի նախագահ Նելլի Թորոսյանը, որը, շնորհակալություն հայտնելով բոլորին մասնակցության համար, փաստեց, որ երեք փուլով ընթացած ծրագրի իրականացման շրջանակում մասնակիցները ստացել են նաև ինթերնշիփ անցկացնելու հնարավորություն:
«Մեր փորձագիտական խմբի մտավախություններից մեկն այն էր, որ ինթերնշիփի կազմակերպման գործառնական ուղեցույցի կամ ձեռնարկի բացակայության պատճառով գործատուները չեն կարողանա ավելի արդյունավետ ինթերնշիփեր կազմակերպել»,- ասաց Նելլի Թորոսյանը:
Նրա խոսքով, հենց սա էր պատճառը, որ քայլեր ձեռնարկվեցին նաև «Երիտասարդների ինթերնշիփի կազմակերպման գործառնական ուղեցույց»-ի ստեղծման ուղղությամբ, քանի որ զգացվում էր վերջինիս ստեղծման անհրաժեշտությունը:
Նելլի Թորոսյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակիցներին, ծրագրի մասնակիցներին, փորձագետներին և դասընթացավարներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել ծրագիրը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ծրագրի մասնակից արցախցի երիտասարդներին՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նշեց, որ նրանք իրենց ուժ ու եռանդով, չպակասող կենսասիրությամբ ծրագրին առանձնահատուկ բովանդակություն են հաղորդել:
Այնուհետև տեղի ունեցավ «Երիտասարդների ինթերնշիփի կազմակերպման գործառնական ուղեցույց»-ի ներկայացման արարողությունը, որի հեղինակներն էին Ռուբեն Մարկոսյանն ու Քրիստինե Նիկողոսյանը:
Ուղեցույցի մասին խոսելիս Ռուբեն Մարկոսյանը փաստեց, որ երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում ինքը բազմիցս բախվել է ինթերնշիփերի կազմակերպման ուղեցույցի բացակայության խնդրին:
«Սա էր պատճառը, որ մենք որոշեցինք նմանաբնույթ նախաձեռնությամբ հանդես գալ՝ փորձելով ինթերնշիփերի կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնել և լրացնել ոլորտում առկա բացերը»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը՝ հավելելով, որ թեպետ ձեռնարկը չի հավակնում առկա բոլոր հարցերի պատասխանները տալուն, բայց այն կարող է լավ հիմք դառնալ հետագայում այս ուղղությամբ քայլեր անելու և առաջընթաց գրանցելու համար:
Ուղեցույցի հեղինակները ներկայացրին վերջինիս բովանդակությունն ու հիմնական դրույթները:
Միջոցառման վերջում «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» ծրագրի մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր: