- Главная
- Node
- ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ ԱՄՓՈՓԵՑԻՆ 2020-2021 ՈՒՍՏԱՐԻՆ
Декабрь 10, 2021 | 13:05
Հասարակություն
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ ԱՄՓՈՓԵՑԻՆ 2020-2021 ՈՒՍՏԱՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա տարեկան գիտաժողովը, որը նվիրված էր վաստակաշատ իրավաբաններ, պրոֆեսորներ Տարիել Բարսեղյանի ու Աիդա Իսկոյանի հիշատակին:
Իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանն իր ելույթի խոսքում նշեց, որ ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների գիտաժողովներն արդեն ավանդական են դարձել. «Տարեկան գիտաժողովներ անցկացնելու ավանդույթը չխախտելով՝ մի քանի օր առաջ մեկնարկել էր ասպիրանտների ու հայցորդների գիտաժողովը, իսկ այսօր ամփոփում ենք մեր աշխատանքներն արդեն պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովով: Պետք է նշել, որ տարեցտարի մեր ապագա գործընկերների՝ ուսանողների գիտական աշխատանքները որակական լուրջ փոփոխությունների են ենթարկվում, ինչը շատ ուրախալի փաստ է»:
Նա տեղեկացրեց, որ նախաձեռնություն կա՝ ֆակուլտետում գործող Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնն անվանակոչել պրոֆեսոր Ա. Իսկոյանի անունով. «Իսկապես մեծ է Աիդա Իսկոյանի ավանդն էկոիրավունքի ոլորտում: Գիտաուսումնական կենտրոնի հիմնադրման օրվանից մինչև իր մահը նա ղեկավարել է կենտրոնի աշխատանքները»:
Ֆակուլտետի դեկանը հավելեց, որ 2020-2021 թթ. ուսումնական տարվա արդյունքներն ամփոփող գիտաժողովների զեկուցումների թեմաները հետագայում ամբիոնների կողմից գրախոսվելուց ու երաշխավորվելուց հետո տեղ կգտնեն ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների նստաշրջանի ու պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածուներում:
Այնուհետև Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ գիտաժողովը սկսեց իր աշխատանքները:
Զեկուցումներով հանդես եկան ֆակուլտետի բոլոր ամբիոնների դասախոսները: Թեմաները, որոնք բավականին ընդգրկուն էին ու բազմաբովանդակ, արծարծում էին ՀՀ իրավական համակարգի գրեթե բոլոր ասպեկտները:
Հավելենք, որ Իրավագիտության ֆակուլտետում ուսանողների ու ասպիրանտների և պրոֆեսորադասախոսական կազմի համար գիտաժողովներն անցկացվում են 2003 թվականից: