- Главная
- Node
- ՄԻԵԴ ԲՈՂՈՔ ԳՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Декабрь 20, 2021 | 17:25
Հասարակություն
ՄԻԵԴ ԲՈՂՈՔ ԳՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից իրականացվող «Learning by doing» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «ՄԻԵԴ բողոք գրելու հմտությունները» խորագրով դասընթաց, որի բանախոսը՝ ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ուսանողներին ներկայացրել է Եվրոպական դատարանի կողմից գանգատն ընդունելու և գործի քննության ընթացակարգերը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի կողմից իրականացվող «Learning by doing» ծրագրի նպատակն է տեսական գիտելիքներ ու գործնական նոր հմտություններ հաղորդել ուսանողներին, իսկ ծրագրի ավարտից հետո հարցազրույցի արդյունքում ուղղորդել նրանց մասնագիտական պրակտիկա անցնելու մասնավոր և պետական տարբեր կառույցներում:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանն ասաց, որ այս տարի ծրագրին մասնակցում է ավելի քան 100 ուսանող, որոնց համար, ըստ մասնագիտացումների, նախատեսվել է շուրջ 15 դասընթաց:
«Learning by doing» ծրագրի՝ «ՄԻԵԴ բողոք գրելու հմտությունները» խորագրով վերջին դասընթացը նախատեսված է եղել բոլոր մասնագիտացումներով ուսանողների համար:
ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՄԻԵԴ գանգատ ներկայացնելու կարգը, վավերապայմանները: Բացի դրանից՝ գանգատի համար նախատեսված ձևանմուշի հիման վրա ուսանողները սովորել են՝ ինչ բաժիններից է այն կազմված, ինչ գործնական խնդիրներ կարող են առաջանալ:
Բանախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել ներկայումս իրականացվող գործընթացների իրավական առանձնահատկություններին:
Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն են ստացել իրենց հարցերն ուղղելու բանախոսին: