- Главная
- Node
- ՀՀ-ՈՒՄ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Марта 04, 2022 | 16:58
Հասարակություն
ՀՀ-ՈՒՄ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների համար բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Արմինե Վարդանյանը:
Ըստ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Օլիմպիա Գեղամյանի՝ հանդիպման նպատակն է նպաստել ՀՀ-ում էկոլոգիական փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգի վերաբերյալ ուսանողների գիտելիքների ամրապնդմանը, ինչպես նաև դրա գործնական բաղադրիչի մասին առավել խորքային պատկերացում կազմելուն:
Կենտրոնի տնօրենը, ներկայացնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ինստիտուտի դերն ու նշանակությունը, շեշտադրեց, որ այն համակարգաստեղծ ու փոխկապակցված գործոն է յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության, հասարակության, ներկա և ապագա սերունդների առողջության տեսանկյունից:
Օ. Գեղամյանն ընդգծեց նաև այս ինստիտուտի կարևորությունը ՀՀ-ի կողմից միջազգային պարտավորությունների ստանձնման ու կատարման առնչությամբ:
Հանդիպման բանախոս Ա. Վարդանյանն ուսանողներին մանրամասն ներկայացրեց ՀՀ-ում էկոլոգիական փորձաքննության ինստիտուտի ձևավորման ու զարգացման պատմությունը և անդրադարձավ ներկայիս իրավիճակին: Քննարկվեցին գործող օրենսդրությամբ լիարժեք կարգավորվող, ինչպես նաև խնդրահարույց բազմաթիվ հարցեր:
Փորձագետը խոսեց նաև փորձաքննության կազմակերպման ու իրականացման, նաև դրա կարևոր բաղադրիչի՝ հանրության մասնակցության կարևորության ու ազդեցության մասին: Ա. Վարդանյանն անդրադարձավ նաև փորձաքննական եզրակացության կարգավիճակին, դրա կազմման ու հաստատման աշխատանքներին, պատասխանեց ուսանողների հարցերին: