- Главная
- Node
- ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Апреля 07, 2022 | 20:23
Հասարակություն
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի ունեցավ ԵՊՀ գիտական խորհրդի նիստը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նիստի մեկնարկին շնորհավորեց կանանց Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, ապա գիտխորհրդի կին անդամներին ծաղիկներ նվիրեց` նրանց մաղթելով արևշատություն, երկարակեցություն, բերկրանք և սեր։
Այնուհետև Հ. Հովհաննիսյանը հայտնեց ԵՊՀ գիտական ներքին դրամաշնորհների ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի առաջին հաղթողների անունները՝ շնորհավորելով նրանց և հանձնելով հավաստագրեր:
Հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ Հեղինե Ղազոյանը, Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը, Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Ինգա Բազուկյանը և Ընդհանուր մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Կարեն Ավետիսյանը:
Հավաստագրերի հանձնումից հետո Հ. Հովհաննիսյանը գիտխորհրդին ներկայացրեց ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով նորանշանակ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանին և գիտքարտուղար Մերի Հովհաննիսյանին:
Նիստի՝ առաջարկված օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ԳԽ-ի հաստատմանը ներկայացրեց պրոֆեսորի 1 և դոցենտի 3 գիտական կոչումների շնորհման հայցերը՝ փաստելով, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին և երաշխավորվել են հանձնաժողովի կողմից:
Գիտական կոչումների շնորհման հայցերը հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն:
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի խմբագրված տարբերակը: Նա ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները և փաստեց, որ նախագիծն անցել է քննարկման տարբեր փուլերով:
Ներկայացված կարգի վերաբերյալ հնչեցին հարցեր, կարծիքներ ու նոր առաջարկություններ, ինչից հետո գիտխորհուրդը հաստատեց ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի ներկայացված նախագիծը:
Նիստի օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը ներկայացրեց 2022-2023 ուստարվա ԵՊՀ ուսման վարձավճարների չափերը: Նա նշեց, որ իրականացվել է կրթական ծրագրերի գնահատում, ինչի արդյունքում ստացվել է դրանց ինքնարժեքը, որի հիման վրա էլ կատարվել են վարձավճարների փոփոխություններ:
Վարձավճարների չափերի հաստատումից հետո ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը ներկայացրեց 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների անվանացանկը, ըստ որի՝ առկա են 53 անվանական կրթաթոշակ, 55 թեկնածու, որոնցից 13-ը՝ նոր: Ներկայացված նախագիծը հավանության արժանացավ գիտխորհրդի կողմից:
Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանն օրակարգային հաջորդ հարցի շրջանակում գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց մագիստրոսի 8 կրթական ծրագիր՝ նշելով, որ դրանք անցել են համապատասխան կարգով սահմանված բոլոր փուլերով և պատրաստ են գործարկման: Ա. Բուդաղյանը նշեց, որ 8 կրթական ծրագրերից 4-ը նոր են, իսկ մյուս 4-ը՝ վերափոխված:
Կրթական նոր ծրագրերի հաստատումից հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը զեկուցեց գիտխորհրդին կից որակի ապահովման մշտական հանձնաժողովի կազմի փոփոխության մասին՝ նշելով, որ Ժասմեն Աղասյանի փոխարեն հանձնաժողովի անդամ է դարձել Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:
Ապա ռեկտորը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ մի շարք ամբիոնների՝միաձուլման եղանակով վերակազմակերպման հարցը, որը հավանության արժանանալու դեպքում ներկայացվելու է ՀԽ-ի հաստատմանը:
Հ. Հովհաննիսյանի հավաստմամբ, ամբիոնների՝միաձուլման եղանակով վերակազմակերպման որոշումներն ընդունվել են համապատասխան ֆակուլտետների գիտական խորհուրդների կողմից: Նա նաև նշեց, որ այս գործընթացի արդյունքում կրթական որևէ ծրագիր չի տուժում:
Գիտխորհուրդը քվեարկությամբ հաստատեց ներկայացված բոլոր առաջարկությունները:
Նիստի օրակարգային հարցերի սպառվելուց հետո, անցնելով ընթացիկ հարցերին՝ ԵՊՀ ռեկտորը տեղեկացրեց, որ ապրիլի 15-ին Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ ստորագրվելու է եռակողմ հուշագիր, որի արդյունքում ԵՊՀ-ում բացվելու է տեղեկատվական կենտրոն:
Այդ առիթով ԵՊՀ է այցելելու ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի ԳԱ իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը, և գիտական խորհրդին առաջարկեց գիտության բնագավառում բացառիկ նվաճումների համար նրան շնորհել «ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի» կոչում: Առաջարկությունը հավանության արժանացավ:
ԵՊՀ գիտական խորհուրդը որոշեց նաև սահմանել պրոֆեսոր Արմեն Թռչունյանի անվան կրթաթոշակ, տպագրության երաշխավորել Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Ս. Գասպարյանի, նույն ամբիոնի պրոֆեսոր Ա. Կնյազյանի և դոցենտ Գ. Բարսեղյանի «Academic English: Theory & Practice» դասագիրքը, որպես ուսումնական ձեռնարկ՝ տպագրության երաշխավորել Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Յուրի Հակոբյանի «Մատրիցային անալիզի տարրեր» աշխատությունը, ինչպես նաև Մ. Օհանյանի և Ա. Օհանյանի «Developing Creative Writing: From Paragraph to Essay» աշխատությունը՝ որպես բուհական դասագիրք, երաշխավորել վերահրատարակման: