- Главная
- Node
- «ՀԱՄԱՀԱՐԹԵՑՈՒՄԸ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
Май 12, 2022 | 15:04
Կրթություն
«ՀԱՄԱՀԱՐԹԵՑՈՒՄԸ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում անցկացվեց «Լեզուն և քաղաքականությունը» գիտական սեմինարների շարքի նախավերջին սեմինարը՝ «Համահարթեցումը և ինքնության զարգացումները» թեմայով, որը վարեց ֆակուլտետի՝ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նաիրա Գասպարյանը:
Զեկուցման ընթացքում բանախոս Ն. Գասպարյանը ներկայացրեց համահարթեցման ընդհանուր դրույթները, քննարկվեցին արդի ժամանակաշրջանում ընթացող համահարթեցման առանձնահատկությունները և ազդեցությունները սոցիալական ինստիտուտների վրա (քաղաքականություն, կրթություն, տնտեսություն, ընտանիք, կրոն), որոնց գործառույթների բովանդակային և անկանխատեսելի փոփոխությունների արդյունքում ձևավորվում է «նոր եվրոպական ինքնությունը» (եզրույթի հեղինակն է գերմանացի քաղաքագետ Դիտրիխ Շպերլինգը):
Ն. Գասպարյանը, անդրադառնալով եվրոպական ինքնության կերտման գերժամանակակից խնդիրներին, նշեց. «Քննարկելով ազգային պետությունների կողմից հանդիպող դժվարությունները՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդների կրթության վրա: Վերջիններս հեշտությամբ են ընդունում համահարթեցման զարգացումները, գլոբալ արժեքներն ու մտածողությունը: Համահարթեցման մուտքն արդեն հասցրել է մեր երկրում ձևավորել նոր գլոբալ արժեքներով ապրող որոշակի սերունդ, որն օտարոտի չի նայում գլոբալ ինքնության կրողը լինելու հարցին»:
Խոսելով սեմինարների շարքի և մասնավորապես այս թեմայի քննարկման կարևորությունից՝ ԵԼՀ ֆակուլտետի՝ անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանն ընդգծեց. «Սա շարքի թվով 5-րդ սեմինարն է, և նախորդ թեմաների նման այս թեման ևս կարևոր խնդիրներ է բարձրաձայնում: Սեմինարի ընթացքում հայի ինքնության խնդրից բացի՝ անդրադարձ է կատարվում նաև շոտլանդացու ինքնության խնդրին: Մենք ցանկանում ենք հասկանալ՝ այդ համահարթեցումը ինչպես է ազդում մարդու և առհասարակ մարդկության ինքնության վրա»: