Սույն թվականի մայիսի 22-ից 26-ը ռոմանական բանասիրության ամբիոնի ուսանողների համար տարբեր դասախոսություններով հանդես եկավ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի իսպանական գրականության դասախոս Դիեգո Սանտոսը, որի գիտական ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են 20-րդ դարի իսպանական գրականությանը: Այս դասախոսությունների ընթացքում Դիեգո Սանտոսը անդրադարձավ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի պոեզիային և թատրոնին, որտեղ հատուկ քննության նյութ դարձավ «Արյունոտ հարսանիք» պիեսը՝ սկսած առանձին բեմադրություններից մինչև գրաքննության խնդիրները:
Երկրորդ կուրսի ուսանողների համար ներկայացված դասախոսությունը մի յուրահատուկ «գրական» ճամփորդություն էր 20-րդ դարի Իսպանիայի պատմության միջով, որտեղ այս դարաշրջանի պատմական իրադարձությունները լուսաբանվում էին հատուկ ընտրված բանաստեղծությունների միջոցով: Բուռն քննարկումների և բանավեճերի առարկա դարձան Ֆրանկոյի ժամանակաշրջանի գրականությանն ու մշակույթին նվիրված դասախոսությունները, որտեղ յուրահատուկ տեսանկյունից ներկայացվեց Ֆրանկոյի ժամանակաշրջանի մշակույթի ենթադրյալ միաձույլ բնույթը՝ կերպարների բազմազանությունը, տարածության և ժամանակի փոփոխվող կառուցվածքը, բուն թատրոնի տարբեր նպատակադրումները, լեզվական տարբեր կիրառությունները և այլն: Հատուկ անդրադարձ կատարվեց նաև Ֆրանկոյի ժամանակաշրջանի գրաքննությանը՝ որպես որոշ հեղինակների գրական-գեղարվեստական կոնցեպցիաների արգելքի մեխանիզմ:
«Վտարանդի գրականություն. հիշողության և կարոտի միջև» թեմայի շրջանակում Դիեգո Սանտոսը անդրադարձավ իսպանական գրականության տվյալ ժամանակաշրջանի այն խնդիրներին, որոնք սովորաբար քիչ են արտացոլվում ուսումնական ծրագրերում: