ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի համագործակցության շրջանակում համալսարանում կազմակերպվել էր «Աշխատանքը ՀՀ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտում» խորագրով հանդիպում ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։
ՀՀ կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյանը, արժևորելով ուսանողների հետ նմանօրինակ հանդիպումների կազմակերպումը, նշեց, որ երիտասարդ մասնագետների ներգրավումը բանկի աշխատանքներում շատ կարևոր է, քանի որ բանկին անհրաժեշտ են միջազգային մակարդակով մրցունակ աշխատակիցներ, որոնք կձևավորեն քննադատական մտածողությամբ թիմեր և առաջ կքաշեն ստեղծագործական նոր գաղափարներ։
ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության աշխատակից Վահե Ավագյանը ներկայացրեց բանկի աշխատանքի բնույթը, ինչպես նաև Գլոբալ կանխատեսումների դպրոցի (GFS) առանձնահատկությունները: Նրա խոսքով՝ դպրոցը, լինելով միջազգային տնտեսագիտական ինստիտուտ, նպատակ ունի մշակելու համաշխարհային մակարդակի դրամավարկային քաղաքականության ծրագիր: Ներկայում Գլոբալ կանխատեսումների դպրոցը ԿԲ-ի հետ գործակցությամբ մշակում է դրամավարկային նոր համակարգի նախագիծ:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Կարինե Ավետիսյանը, անդրադառնալով հանդիպման կարևորությանը, ընդգծեց. «Այսօրինակ հանդիպումներն ուսանողներին հնարավորություն են ընձեռում պոտենցիալ գործատուից ստանալու մանրամասն տեղեկություններ հնարավոր աշխատանքի բնույթի վերաբերյալ: Առաջիկայում ԿԲ-ի հետ համագործակցության շրջանակում դարձյալ կկազմակերպվեն նմանատիպ հանդիպումներ, բաց դասեր, որոնց ընթացքում բանկի աշխատակիցները կխոսեն մասնագիտական տարբեր թեմաներից»։
Հանդիպմանը ելույթ ունեցան նաև ՀՀ կենտրոնական բանկի անձնակազմի և կորպորատիվ մշակույթի վարչության աշխատակիցներ Ժաննա Հակոբյանը և Անուշ Ստեփանյանը:
Նշենք, որ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը պարբերաբար կազմակերպում է նման հանդիպումներ, ինչպես նաև ուսանողների էլհասցեներին ուղարկում տարբեր կազմակերպություններում առկա աշխատանքի առաջարկներ: Աշխատանք փնտրող ուսանողները, հետևելով իրենց համալսարանական էլհասցեներին, տեղյակ կլինեն իրենց մասնագիտական հմտություններին և կարողություններին համապատասխանող, հայաստանյան լավագույն գործատուների կողմից առաջարկվող աշխատանքի հնարավորություններին։