ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակում իրականացվեց «Աշխատանքային կիբերթրաֆիքինգ և կիբերանվտանգություն» թեմայով դասընթաց, որը վարեցին Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետ Վիկտորիա Ավակովան և ՏՏ անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ աշխատանքային առցանց թրաֆիքինգի առանձնահատկություններին, համացանցի հետ կապված առկա վտանգներին, ինչպես նաև դրանցից խուսափելու միջոցներին:
Վիկտորիա Ավակովան ուսանողներին ներկայացրեց աշխատանքային թրաֆիքինգին վերաբերող միջազգային կոնվենցիաները, որոնց միջոցով քաղաքացիները պաշտպանված են աշխատանքային թրաֆիքինգի զոհ լինելուց։
Սամվել Մարտիրոսյանը խոսեց կիբերանվտանգության մասին՝ շեշտելով, որ հետհամաճարակային աշխարհում աշխատանքային թրաֆիքինգը ներթափանցել է համացանց։ Երիտասարդները, որոնք հաճախ աշխատանք են փնտրում հենց համացանցում և իրենց մասին տեղեկություն են փոխանցում ոչ վստահելի անձանց, կարող են դառնալ կիբերթրաֆիքինգի զոհ։
Բանախոսը նաև ներկայացրեց սոցիալական հարթակներում մեդիագրագետ վարքագիծ դրսևորելու մեթոդները՝ հատկապես շեշտելով անվտանգ գաղտնաբառերի կիրառման կարևորությունը։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, կարևորելով խնդիրը և դրա վերաբերյալ դասընթաց անցկացնելը, նշեց․ «Այս թեմայով դասընթաց Կարիերայի կենտրոնն առաջին անգամ է իրականացնում։ Նմանօրինակ հանդիպումները պահանջված են, քանի որ երիտասարդները հաճախ են օգտվում սոցիալական հարթակներից, հենց այդ հարթակներում են փնտրում աշխատանքի առաջարկներ և չտեղեկացվածության պատճառով երբեմն հայտնվում են կիբերհանցագործների ծուղակում։ Անհրաժեշտ է բարձրացնել ուսանողների տեղեկացվածության մակարդակը, քանի որ դա կնպաստի նրանց՝ ապահովագրվելու աշխատանքային կարիերա սկսելու ճանապարհին առաջացած նմանատիպ խնդիրներից»։
Կարինե Նազարյանը անդրադարձավ նաև «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությանը՝ կարևորելով համատեղ իրագործած ծրագրերի արդյունավետությունը։
Նշենք, որ երկար տարիներ ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունեցել մասնակցելու կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Աջակցություն ուսմանը՝ ապագայի նեդրում» ծրագրին, որի շրջանակում կազմակերպությունը մասնակիցներին շնորհել է կրթաթոշակ։