Երևանի պետական համալսարանի և «Ակբա բանկ» ԲԲԸ-ի համագործակցության շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ անցկացվեց «Ակբա բանկի կարիերայի օրը ԵՊՀ-ում» միջոցառումը, որի նպատակն էր ուսանողներին ներկայացնել ընկերությունում առկա կարիերայի հնարավորությունները։
Միջոցառման սկզբում ուսանողները մասնակցեցին տրամաբանական պատասխաններ պահանջող և բանկային ոլորտին վերաբերող հարցեր ներառող կարճ քուիզի, որի արդյունքում բանկը 20 հաղթող ուսանողների խրախուսեց տարբեր մրցանակներով։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը կարևորեց նախաձեռնության նշանակությունը՝ նշելով, որ այն ուսանողներին հնարավորություն է ընձեռում ոլորտում կայացած մասնագետների հետ հանդիպելու, մասնագիտական գիտելիքները հարստացնելու, իսկ գործատուներին՝ ներկայացնելու իրենց կազմակերպություններում առկա կարիերայի հնարավորությունները․ «Վստահ եմ, որ նմանօրինակ միջոցառումներն ուսանողների համար կլինեն մոտիվացիայի աղբյուր՝ մասնագիտության ոլորտում կայանալու բարդ և հետաքրքիր գործընթացում»։
Միջոցառման ժամանակ ընկերության աշխատակիցները դասախոսություններով ուսանողներին ներկայացրին բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները, առանձնահատկությունները և իրենց փորձը։ Իրավագիտության, վաճառքի, շուկայագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների կառավարման ուղղություններով անցկացված դասախոսությունները վարեցին տաղանդների ներգրավման թիմի լիդեր Անի Պողոսյանը, իրավաբանական վարչության պետ Զարինե Ազիզյանը, վաճառքների վարչության պետ Հակոբ Հակոբյանը, մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի պետ Նելլի Մովսեսյանը, պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։
Դասախոսությունների ավարտին ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին և ստացան սպառիչ պատասխաններ։
Միջոցառման մասնակից ուսանողները ոգևորված և տպավորված էին ծրագրի շրջանակում ձեռքբերած գիտելիքներով ու մրցանակներով։ Մասնակիցներից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սոֆիկ Դաբաղյանը նշեց, որ նմանօրինակ միջոցառումներն արդյունավետ են և պահանջված, քանի որ դրանց շնորհիվ ուսանողները կարողանում են աշխատանքի առաջարկների վերաբերյալ տեղեկություն ստանալ անմիջապես գործատուներից։
«Ես հետաքրքրված եմ բանկի կողմից անցկացվող դասընթացներով, մասնավորապես՝ մարքեթինգի ոլորտին վերաբերող դասընթացով, քանի որ կարևոր է լսել ոլորտում ձեռքբերումներ արձանագրած մասնագետների փորձի և հաջողության պատմությունը»,- ասաց միջոցառման մասնակից ուսանող Սոնա Ենգոյանը։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցած ուսանողները հնարավորություն ստացան Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միջոցով իրենց ինքնակենսագրականները փոխանցելու «Ակբա բանկ» ԲԲԸ-ի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնին, ինչպես նաև մոդելավորված հարցազրույցի մասնակցելու, որի շնորհիվ կկարողանան խորհրդատվություն ստանալ գրագետ ինքնակենսագրական կազմելու և հարցազրույցների ժամանակ գործատուներին ճիշտ ներկայանալու վերաբերյալ։