Ս.թ. փետրվարի 22-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Տիգրան Ղանալանյանը ներկայացրեց դասախոսություն՝ «Արտագաղթը Խորհրդային Հայաստանից (1950-ական թթ. մինչև 1991 թ.)» թեմայով։ Միջոցառումը կազմակերպվել է 2023 թ. գիտական արդյունքների ամփոփիչ գիտաժողովի շրջանակում։
Խորհրդային շրջանի Մեծ հայրենադարձության վերաբերյալ հրատարակվել են բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ, մինչդեռ հայրենադարձության երևույթի անմիջական շարունակություն համարվող, 1950-ական թվականներին սկսված արտագաղթը երբևէ գիտական ուսումնասիրության առարկա չի եղել։ Խոսելով թեմայի ուսումնասիրության մասին՝ Տ. Ղանալանյանը նշեց. «Կարևոր է պարզել, թե ինչ տեղի ունեցավ հայրենադարձների հետ, որոնք եկան Խորհրդային Հայաստան, ինչն օգնում է գնահատել նաև կազմակերպած հայրենադարձության արդյունավետությունը։ Համակողմանի ուսումնասիրությունը թույլ է տալիս հայ իրականության մեջ արտագաղթ երևույթի մասին խոսելիս հասկանալ, որ դա միայն անկախության շրջանին բնորոշ երևույթ չէ։ Մեզանում ընդունված է այն մտայնությունը, որ Հայաստանից արտագաղթ սկսվել է միայն ԽՍՀՄ փլուզումից հետո, այնինչ տասնյակ հազարավոր հայրենադարձներ արտագաղթել են մինչև 1991 թվականը»։
Հայրենադարձներն արտագաղթելու փորձեր կատարել են Խորհրդային Հայաստան գալուց անմիջապես հետո՝ փորձելով հատել Թուրքիայի հետ սահմանը։ Տ. Ղանալանյանը ընդգծեց. «1956 թվականին մի քանի կարևոր փոփոխություններ տեղի ունեցան։ ԽՄԿԿ 20-րդ համագումարը և հարաբերական ազատականությունը, ինչպես նաև Ֆրանսիայի արտգործնախարար Քրիստիան Պինոյի այցի ժամանակ տեղի ունեցած ցույցը և ամերիկյան պատվիրակության միջոցով ԱՄՆ նախագահին ուղղված ամերիկահայերի նամակը նպաստող հանգամանքներ դարձան արտագաղթի կազմակերպման համար»։
Արտագաղթողները, առանձին բացառություններով հանդերձ, միայն հայրենադարձներ էին, որոնք, չնայած Խորհրդային Հայաստան էին ժամանել Մերձավոր Արևելքից և Բալկաններից, սակայն արտագաղթում էին Ֆրանսիա և հատկապես՝ ԱՄՆ։
Անդրադառնալով արտագաղթի պատճառներին՝ Տ. Ղանալանյանը նշեց. «Հայրենադարձների մոտ բռնաճնշումների վերաբերյալ կոլեկտիվ հիշողություն էր ձևավորվել։ Ճիշտ է, նրանց փոքր մասը ենթարկվեց 1949 թ. աքսորին, բայց հայրենադարձների նկատմամբ բացասական վերաբերմունքը ոչ միայն իշխանությունների կողմից էր, այլև տեղական հասարակության։ Հայրենադարձները հիմնականում պատկերացնում էին, որ տեղափոխվելու են զուտ հայկական պետություն, և ակնկալիքների չբավարարումը ևս կարևոր նշանակություն ունեցավ արտագաղթելու համար։ Սակայն արտագաղթի հիմնական պատճառը տնտեսական էր՝ պակաս զարգացած երկրից գնում էին ավելի զարգացած երկիր՝ կյանքի ավելի բարեկեցիկ պայմաններ ձեռք բերելու ակնկալիքով»։
Տ. Ղանալանյանը փաստեց, որ արտագաղթի ծավալների վերաբերյալ թվերը հստակ չեն։ Մասնագիտական գրականության մեջ շրջանառվող վիճակագրական տվյալները հիմնված են բանավոր տեղեկությունների վրա։
Թեման հետազոտական տիրույթում ընդգրկելը նպատակ ունի վերանայելու Խորհրդային Հայաստանի ուշ շրջանի և հայկական սփյուռքի պատմության որոշ դրվագներ։ Նշենք, որ հետազոտության արդյունքները՝ որպես գիտական հոդվածներ, տպագրվելու են միջազգային գիտական հանդեսներում։