Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի համագործակցության շրջանակում մեկնարկել է հանքարդյունաբերական ոլորտի մասնագիտական քննարկումների ծրագիր:
Ծրագիրը միտված է օգնելու ոլորտի զարգացման, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման լուծումների մշակմանը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման:
Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու ՀՀ Կառավարությանը, արդյունաբերողներին և շահագրգիռ մյուս կողմերին հանքարդյունաբերության զարգացման ընտրված տարբերակների և մեխանիզմների կատարելագործման գործում:
Ծրագրի շրջանակում անցկացվող առաջին քննարկման թեման նվիրված էր կրիտիկական մետաղներին, մասնավորապես լիթիումին, քանի որ հայտնի է, որ ապագայի տեխնոլոգիաների՝ էլեկտրական ավտոմեքենաների և դրանց մարտկոցների, արևային ֆոտովոլտային վահանակների և վերականգնվող էներգետիկայի զարգացման հետ, ընդհանուր առմամբ, կրկնակի աճում է նաև կրիտիկական մետաղների` պղնձի, նիկելի, կոբալտի, հազվագյուտ տարրերի և, մասնավորապես, լիթիումի պահանջարկը։
Ս․թ․ փետրվարի 29-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպված «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողովի շրջանակում զեկույցներով հանդես եկան ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոսներ, ե․գ․թ․, դոցենտներ Սամվել Առաքելյանը և Սուրեն Ներսիսյանը՝ ներկայացնելով Հայաստանում լիթիումի ուսումնասիրությունների և հետազոտությունների արդի վիճակը:
Աշխատաժողովի քննարկումներին մասնակցում էին Կառավարության, ակադեմիական շրջանակների, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և ղեկավարներ: Աշխատաժողովը դրական արձագանքի արժանացավ մասնագիտական համայնքի կողմից:
Ելույթով հանդես եկավ նաև ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը։ Նա կարևորեց այսօրինակ մասնագիտական աշխատաժողովների կազմակերպումը, մասնավորապես կրիտիկական մետաղների հանդեպ հետաքրքրությունը, և առաջարկեց կազմակերպել համանման հանդիպումների շարք:
Աշխատաժողովի մասնակիցներն առաջարկեցին հաջորդ քննարկումը նվիրել կրիտիկական մեկ այլ մետաղի՝ պղնձին, և կազմակերպել արտագնա ձևաչափով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Առաջարկը ողջունեց կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝ պատրաստակամություն հայտնելով Կոմբինատում հյուրընկալելու պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին: