Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Պատերազմն ու խաղաղությունը սոցիալական գիտությունների դիտակետում» խորագրով գիտաժողովը, որի նպատակն էր քննարկել աշխարհում տեղի ունեցող պատերազմական գործողությունների և բռնի հակամարտությունների ազդեցությունը հասարակական գործընթացների և սոցիալական գիտությունների առաքելության ու հնարավորությունների վրա:
Գիտաժողովն անցկացվեց 4 նստաշրջանով` «Պատերազմ, միգրացիա և բռնի տեղահանում», «Տրավմա և հետպատերազմյան փորձառություն», «Սոցիալական քաղաքականության արձագանք», «Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա. ընթացիկ հետազոտական նախագծերի քննարկում» խորագրերով:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձավ գիտաժողովի թեմայի արդիականությանը և դրա գիտական հայեցակարգման անհրաժեշտությանը սոցիալական գիտությունների համատեքստում:
Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, գիտաժողովի համակարգող կոմիտեի անդամ Յուլիանա Մելքումյանն ընդգծեց սոցիալական հետազոտողների միջազգային հանրույթի կողմից սոցիալական կյանքի տարբեր ոլորտների վրա պատերազմի ազդեցության մասնագիտական քննարկման կարևորությունը։
Միջգիտակարգային գիտաժողովին ելույթ ունեցան փիլիսոփաներ, սոցիալական աշխատողներ, սոցիոլոգներ, հոգեբաններ և քաղաքագետներ՝ քննարկելով հետպատերազմյան հասարակությունների տրավմատիկ բնույթը, փախստականների և բռնի տեղահանվածների սիմվոլիկ դիմադրողականության կառուցակցման նմուշները, պատերազմի միջսերնդային չափումները, երեխաների համար աջակցության հասանելիությունը, ինչպես նաև տվյալների կառավարման միասնական համակարգերի մշակման մարտահրավերները հումանիտար ճգնաժամի պայմաններում:
Ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի՝ ԱՄՆ Կոնեկտիկուտի, Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի (Բուլղարիա), Մոսկվայի բարձրագույն տնտեսական համալսարաններից ներգրավված մասնագետներն ու հետազոտողներն անդրադարձան Արցախյան պատերազմի հետևանքներին, ռուս-ուկրաինական հակամարտությանը և Մյանմարից փախստականների վերաբնակեցմանը ԱՄՆ-ում:
Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ գիտաժողովի համակարգող կոմիտեի անդամ, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն արժևորեց քննարկված թեմաների փոխկապակցվածությունը և պատերազմի ու հումանիտար ճգնաժամերի հետևանքների պրակտիկ հաղթահարման ուղղությամբ գործունեություն ծավալելու համար գիտաժողովի շրջանակում քննարկված հիմնավորումները: