
Ապրիլի 2-ին Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի ունեցավ «Կրթության կազմակերպում», «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրերի (հեռակա) շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս տարին առանձնահատուկ էր հատկապես նրանվ, որ ավարտական վկայականներ են ստացել «Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագրի առաջին շրջանավարտները, որոնք, սահմանամերձ գյուղերի ուսուցչակազմը համալրելով և չկտրվելով իրենց աշխատանքից, հնարավորություն էին ստացել գերազանց արդյունքներով ավարտելու մագիստրոսական ծրագիրը։

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը միավորել էր հեռակա համակարգի մագիստրոսական բոլոր կրթական ծրագրերի ուսանողներին և հյուրերին։ Արարողությանը ներկա էին նաև ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի նախագահ Լարիսա Հովհաննիսյանը։

Դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանի բացման խոսքով: Նա, ողջունելով ներկաներին, շնորհավորեց շրջանավարտներին և դասախոսական կազմին՝ կարևորելով ԵՊՀ-ում շարունակական բնույթ կրող բուհ-գործատու ակտիվ համագործակցության մոդելի կիրառումը, որի հաջողված և արդեն իրողություն դարձած ծրագրի օրինակներից է «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը՝ իր առաջին շրջանավարտներով։
Պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը վստահեցրեց, որ շրջանավարտները համալսարանում ստացել են մասնագիտական և´ տեսական, և´ գործնական որակյալ գիտելիքներ՝ համոզմունք հայտնելով, որ նրանք իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն և հաջողություններ կունենան նոր պահանջներ առաջադրող և հասարակական նոր մտածողությամբ առաջնորդվող աշխատաշուկայում:

ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նշեց, որ «Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագրի հիմքում դրվել են փոխվստահություն, համագործակցություն ու աշխատասիրություն, ինչն էլ դարձել է հաջողության գրավական։ Նա հավելեց, որ նմանօրինակ հաջողություններն ու արդյունավետ ծրագրերի իրականացումը կլինեն շարունակական։
Շրջանավարտներին ողջույնի խոսք հղեց նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի նախագահ Լարիսա Հովհաննիսյանը։ Նա երկրի առաջընթացի և զարգացման գործում կարևորեց յուրաքանչյուր կրթված երիտասարդի դերն ու կրթության նշանակությունը՝ հավաստիացնելով, որ ապագան բանիմաց և կրթված երիտասարդների ձեռքերում է։

Շրջանավարտների անունից մագիստրոսական երեք կրթական ծրագրի շրջանավարտներ ևս իրենց շնորհակալական խոսքը հղեցին կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմին։ Ելույթ ունեցան Հռիփսիմե Հովհաննիսյանը («Կրթության կազմակերպում»), Անի Միքայելյանը («Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա») Արեգնազ Մանուկյանը («Ուսուցչական առաջնորդություն»)։ Նրանք իրենց խոսքում երախտագիտություն հայտնեցին կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմին՝ նշելով, որ իրենց ուսումնառության ընթացքը հարուստ է եղել մանկավարժական նոր փորձի համալրմամբ և մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերմամբ։
Տոնական և հանդիսավոր միջոցառման ավարտին ցուցադրվեցին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի գիտակրթական գործունեության մասին պատմող սահիկաշար և տեսահոլովակ։