ԵՊՀ բիզնես ինկուբատորը, համագործակցելով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ, նորարարական գաղափարներ ունեցող անձանց հրավիրում է մասնակցելու սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափ ինկուբացիոն նախագծին։ Այս նախագծի շրջանակում աջակցություն է տրամադրվելու ստարտափներին, խրախուսվելու են վաղ փուլում գտնվող գաղափարները, որոնք ունեն սոցիալական ուղղվածություն։ Ծրագրի նպատակն է ձևավորել նորարարության և սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ։
Ծրագիրը կենտրոնանալու է ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի նպատակներին (SDGs) համահունչ ոլորտների վրա, մասնավորապես՝
- հասանելի կրթություն,
- շրջակա միջավայրի պաշտպանություն,
- մարզերի զարգացում և մաքուր ջրի հասանելիություն,
- հասանելի առողջապահություն,
- վերականգնվող էներգիա,
- կայուն տնտեսություն և պատասխանատու սպառում։
Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն Երևանի պետական համալսարանի և այլ համալսարանների ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, թիմեր և ստարտափներ, որոնք՝
- պետք է ունենան նախագծեր՝ սոցիալական խնդիրների լուծման հստակ ուղղություններով,
- պետք է ունենան նորարարական գաղափարներ, որոնք ունեն սոցիալական ազդեցության պոտենցիալ,
- գտնվում են զարգացման վաղ փուլում կամ փնտրում են ստարտափի զարգացման աջակցություն,
- նպատակաուղղված են սոցիալական առաքելություն ունեցող կայուն բիզնեսի ստեղծմանը։
Նախագծի նպատակն է՝
- աջակցել ստարտափներին՝ զբաղվելու կարևոր սոցիալական խնդիրներով,
- տրամադրել ռեսուրսներ, մենթորություն և աջակցություն բիզնեսին և սոցիալական ազդեցության զարգացմանը,
- խթանել ստեղծագործ մտածելակերպը և նորարարական լուծումները,
- օգնել ստարտափներին դառնալու կայուն երկարատև սոցիալական ազդեցություն ունեցող բիզնես,
- ուժեղացնել գործարար էկոհամակարգում համագործակցությունը։
Նախատեսվում է՝
- տրամադրել մենթորներ,
- կազմակերպել ունակությունների զարգացման դասընթացներ, սեմինարներ,
- անցկացնել գործարար կապերի հաստատման միջոցառումներ,
- ստեղծել և զարգացնել ստարտափների միջև համագործակցությունը,
- հետևել մասնակիցների առաջընթացին և պարբերաբար առաջարկել շտկումներ,
- օգնություն տրամադրել ստարտափներին իրավական հարցերում,
- աջակցել «C-Quadrat Ampega Social Fund» և այլ աղբյուրներից ֆինանսավորման դիմելու հարցում։
Մասնակցությունը հնարավորություն կտա՝
- Ձեր գաղափարը դարձնելու ստարտափ բիզնես,
- ստանալու աշխատաշուկայի փորձագետներից մենթորություն և խորհրդատվություն,
- ձեռք բերելու բիզնեսի և սոցիալական ազդեցության զարգացման ռեսուրսներ,
- կապեր հաստատելու հնարավոր գործընկերների, փորձագետների և ներդրողների հետ,
- հասանելի դառնալու «C-Quadrat Ampega Social» ֆոնդի և այլ ներդրողների համար։
Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 8-ն է։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ ձևաթուղթը։
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (+374 60) 710 680 կամ (+374 41) 804 461 հեռախոսահամարին։