Երևանի պետական համալսարանի գործընկեր «BostonGene» ամերիկյան կենսատեխնոլոգիական առաջատար ընկերությունը մեկնարկում է «Կենսաինֆորմատիկան և տվյալների գիտությունը ուռուցքաբանության մեջ» նոր դասընթացը։
«BostonGene»-ն մասնագիտացած է ուռուցքների և ուռուցքային միկրոմիջավայրի համապարփակ փորձարկումների ոլորտում և կիրառում է «Whole Exome Sequencing (WES) և RNA sequencing (RNA-seq)» տեխնոլոգիաները: Ուռուցքաբաններին տրամադրելով գենետիկ և մոլեկուլային համապարփակ բնութագրեր՝ ընկերությունը հնարավորություն է տալիս մշակելու անհատականացված բուժման ռազմավարություններ՝ համապատասխանեցված յուրաքանչյուր հիվանդի կենսաբանական եզակի պրոֆիլին:
Եթե հետաքրքրված եք ուռուցքաբանության ոլորտով և ցանկություն ունեք այդ ուղղությամբ նորամուծություններ և փոփոխություններ կատարելու, ապա հնարավորություն ունեք մասնակցելու ընկերության կազմակերպած մասնագիտական ուսուցման նոր դասընթացին: Դասընթացի տևողությունը 8 ամիս է։ Այն կմեկնարկի ս․թ․ սեպտեմբերի 16-ին։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի կենսաճարտարապետության և կենսաինֆորմատիկայի ոլորտում մասնագիտական վերապատրաստման դիպլոմ։
Դասընթացի շրջանակում առաջարկվում է՝
• համապարփակ ուսուցում կենսաինֆորմատիկայի, տվյալների գիտության և ուռուցքաբանության բնագավառներում,
• առաջատար տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձառություն,
• ճշգրիտ ուռուցքաբանության զարգացող ոլորտում կարիերայի առաջխաղացման հնարավորություն․ դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները հնարավորություն կստանան աշխատելու ընկերությունում։
Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն գիտության հետևյալ բնագավառների ուսանողները, շրջանավարտներն ու հետազոտողները՝
•կենսաբանություն և կենսաինֆորմատիկա,
• բժշկություն,
• կիրառական մաթեմատիկա,
• համակարգչային գիտություն,
• տվյալների գիտություն։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://rb.gy/lqh6v5։
Դասընթացի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ՝ https://rb.gy/spw63r։