- Главная
- Node
- Առաջին քայլերը տնտեսագիտության աշխարհում. ամփոփվեց «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը
Марта 04, 2025 | 22:48
Գիտություն
Գրադարան
Կարիերա
Առաջին քայլերը տնտեսագիտության աշխարհում. ամփոփվեց «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կայացավ «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» գարնանային շրջանի երկօրյա ծրագիրը։ Այս նախաձեռնությունը մեկտեղեց ավագ դպրոցի աշակերտներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ոչ միայն ծանոթանալու տնտեսագիտության հիմնական սկզբունքներին, այլև մասնակցելու գործնական, խաղարկային և ինտերակտիվ դասընթացների։
Մասնագիտական բացահայտումների երկօրյա ճանապարհորդություն
Ծրագրի շրջանակում ընթացիկ ուստարվա մարտի 1-ին և 2-ին Երևանից, հանրապետության տարբեր շրջաններից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հյուրընկալված աշակերտները ներգրավվեցին «Տնտեսագիտություն», «Կառավարում», «Ֆինանսներ» մասնագիտություններին վերաբերող դասընթացներին՝ նախատեսված մասնագիտական կողմնորոշման աջակցության համար։ Մասնագիտական քննարկումներից զատ՝ ինտերակտիվ բիզնես-խաղերի և իրավիճակային խնդիրների լուծման միջոցով նրանք հնարավորություն ունեցան իրենց տեղը պատկերացնելու տնտեսագիտության աշխարհում և հասկանալու տնտեսագիտական միտումների գործնական կիրառությունները։
Երկօրյա ծրագրի ընթացքում աշակերտները հաղորդակցվեցին ֆակուլտետի ուսանողական կառույցների՝ Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների հետ: Ծանոթացան կառույցների կրթական, գիտական, ստեղծագործական գործունեությանը։ Ապագա ուսանողները հաղորդակից դարձան ոչ միայն ԵՊՀ պատմությանն ու կրթական ծրագրերին, այլև համալսարանի որդեգրած արժեքներին։