«Ցեղասպանություններ․պատմություն և արդիականություն». գիտաժողով սկսնակ հետազոտողների համար
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) Ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը հայտարարում է «Ցեղասպանություններ. պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողով սկսնակ հետազոտողների համար: Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. ապրիլի 26-27-ը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում:
Գիտաժողովին մասնակցելու հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, ինչպես նաև արտասահմանյան բուհերի ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ, ինչպես նաև երիտասարդ գիտնականներ:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը։ Օտարերկրյա մասնակիցները գիտաժողովին կմիանան հեռավար կարգով։
Համաժողովի համար ընդունվում են հոդվածների հայտեր (մինչև 300 բառ) հետևյալ թեմաներով (հարակից թեմաները նույնպես կարող են ներառվել).
● «Ցեղասպանությունները ժամանակակից աշխարհում»,
● «Ցեղասպանությունների պատճառները և հետևանքները»,
● «Ցեղասպանությունների ոճրագործները և նրանց պատժի իրավական և քաղաքական մեխանիզմները»,
● «Ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման խնդիրը ժամանակակից աշխարհում»,
● «Ցեղասպանությունների ուսումնասիրման աղբյուրները»,
● «Վերապրողների հուշերը և ցեղասպանության հիշողությունը»,
● «Ժամանակակից տեխնոլոգիաները և ցեղասպանությունները»,
● «Մշակութային ցեղասպանություն»,
● «Արցախի հիմնահարցը և ցեղասպանական վտանգը»:
Գիտաժողովին զեկուցումով հանդես գալու համար անհրաժեշտ է դիմել մինչև ս.թ. ապրիլի 6-ը:
Հայտում պետք է նշել մասնակցի անունը, ազգանունը, բուհը, զեկուցման վերնագիրը և համառոտ նկարագրությունը (մինչև 300 բառ) և ուղարկել ysu.genocide.studies@gmail.com էլհասցեին: