- Главная
- Node
- ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Декабрь 21, 2018 | 17:52
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Այցի նպատակն էր անմիջականորեն ծանոթանալ ընկերության աշխատանքային գործունեությանը, ռեստորանների կառուցվածքային և մարքեթինգային հիմունքներին և ոլորտի առանցքային առանձնահատկություններին։
Շրջայցն անցավ ջերմ և հյուրընկալ մթնոլորտում, քանի որ ոլորտի առաջատար կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, կարևորում է երիտասարդներին և նախընտրում առավելապես նրանցով համալրել իր մեծ ընտանիքը։
Հանդիպման կարևորագույն ձեռքբերումն այն էր, որ ֆակուլտետի ուսանողները գիտակցեցին ակադեմիական տեսական գիտելիքների և դրանց կիրառելիության անքակտելիությունը։
Շրջայցի ընթացքում հնչեցին ոլորտին վերաբերող արդիական հարցեր: Այդ հարցերից շատերն ինչպես մտածելու տեղի տվեցին, այնպես էլ առաջադրեցին տարբեր հարցերի լուծումներ փնտրելու նոր ուղիներ։ Համալսարանականները վստահություն հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումների արդյունքում է սկիզբ դրվում նոր գաղափարների իրականացումը։
Ինչպես հանդիպման մասին նշում է ընկերության ներկայացուցիչ Անահիտ Գևորգյանն. «Երիտասարդների հետաքրքրվածությունը մշտապես ոգևորում է մեր թիմին, և, իհարկե, անչափ հուսադրող է փաստել, որ ոլորտի զարգացմամբ ոգեշնչված երիտասարդների պատրաստակամ մեծ բանակ ունենք»։
ԵՊՀ-ականները լիահույս են, որ շուտով առիթ կունենան հարցեր ուղղելու նաև ընկերության հիմնադիր Դավիթ Երամյանին։
Հեղինակ՝ Սոֆյա Շիրինյան