- Главная
- Node
- ԻՆՉՊԵՍ ԵՆ ՏՈՆԵԼՈՒ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՊՀ-ՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Декабрь 28, 2018 | 15:01
Ուսանողական
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՏՈՆԵԼՈՒ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՊՀ-ՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Երկրի մշակույթին ծանոթանալու լավագույն ձևը նրա տոներին մասնակցելն է։ Ինչպես հայտնի է, ԵՊՀ-ն համագործակցում է աշխարհի տարբեր բուհերի հետ ու հնարավորություն տալիս արտասահմանցի ուսանողներին ուսանելու այստեղ։ Այս տարի նրանք հնարավորություն ունեն ականատես լինելու տոնական հրաշքին հենց Երևանում։ ysu.am-ը զրուցել է արտասահմանցի ուսանողների հետ, պարզել, թե ինչ կարծիք ունեն նրանք Հայաստանի տոնական մթնոլորտի մասին և թե ինչպես են պատրաստվում նշել Նոր տարին։
Լուի-Վիկտորը բելգիացի է, ով սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Նա պատմում է ամանորյա Երևանի, համալսարանում տիրող տոնական տրամադրության, իր ունեցած տպավորությունների ու այն մասին, թե ինչպես է տոնում Նոր տարին իր հայրենիքում:
«Երևանում ամեն ինչ շատ գեղեցիկ է, մթնոլորտը՝ տրամադրող, տոնական։ Վստահ եմ, որ Ամանորն այստեղ հիանալի է անցնում, ու ափսոսում եմ, որ հնարավորություն չեմ ունենա Հայաստանում լինելու դեկտեմբերի 31-ին ու նշելու Նոր տարին։ Ես կարծում եմ, որ Սուրբ ծնունդն ընտանեկան տոն է, ու այն պետք է նշել ընտանիքի անդամների հետ, իսկ Նոր տարին լավ առիթ է ընկերների հետ հանդիպելու ու տարեմուտը նշելու։ Եթե հնարավորություն ենք ունենում Նոր տարին ծովի ափին դիմավորելու, ապա, ինչպես արդեն ավանդույթ է դարձել, Ամանորն ազդարարող ժամը հնչելուն պես բոլորով նետվում ենք ջուրը»,- հավելում է բելգիացի ուսանողը։
Սեբաստիանը Գերմանիայից է։ Նա արդեն մի քանի ամիս է, ինչ սովորում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում։
«Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ մեր ֆակուլտետի պրոֆեսորները մեզ կանչել են համտեսելու ավանդական հայկական ճաշատեսակ՝ խաշ. կերել ենք պայթելու չափ, ամեն ինչ շատ համեղ էր։ Բնականաբար չենք անտեսել նաև «հայկական ավանդական օղին»: Տոներին լինելու ենք Հայաստանում, ընկերներով պլանավորել ենք ճանապարհորդել. իմ կարծիքով՝ դա Նոր տարին նշելու լավագույն եղանակն է։ Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա այնտեղ տոներն սկսվում են ամանորյա շուկաներով, բայց գնալով ավելի շատ մարդիկ նախընտրությունը տալիս են ճանապարհորդությանը»,- նշում է Սեբաստիանը։
Արմատներով վրացի Սերգեյը, ով սովորում է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, այս անգամ երկու տարեմուտ է տոնելու։ Առաջինը նա անցկացրել է ժամանակից մի փոքր շուտ Հայաստանում իր ընկերուհու հետ, իսկ երկրորդը կնշի Թբիլիսիում՝ ընտանեկան միջավայրում։
«Սիրում եմ Երևանի Ամանորը, տոնական տրամադրությունը, կոլորիտը: Մասնագիտությամբ դիջեյ եմ ու տոներին մեկ-մեկ ակումբներում եմ նվագում։ Բայց դե Հայաստանում ամեն ինչն ավելի է գեղեցկանում ընկերուհուս շնորհիվ: Նրան շատ եմ սիրում, անբացատրելի զգացում է Նոր տարուն կողքիդ սիրած էակ ունենալը։ Սակայն դեկտեմբերի 31-ն անցկացնելու եմ հարազատներս հետ իմ հայրենիքում՝ Թբիլիսիում։ Մեր ավանդույթներից ամենահետաքրքիրն այն պահն է, երբ տոնական սեղանի շուրջ հավաքված տղամարդիկ քառաձայն երգում են «Թբիլիսո» երգը»-, պատմում է վրացի ուսանողը։
Չինուհի Շին, ով սովորում է հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում, ասում է, որ իրենք օգտագործում են լուսնային օրացույցը ու այդ պատճառով իրենց Նոր տարին նշելու են փետրվարի 5-ին։
«Իհրակե, ես կցանկանայի նշել Ամանորը Չինաստանում, բայց ափսոս, մենք փետրվարին արձակուրդներ չունենք։ Սակայն Հայաստանում էլ, կարծում եմ, տոնը շատ ուրախ կանցնի»։
Մարինե Առաքելյան
Անի Պողոսյան