«Էրազմուս+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոս Կարեն Թռչունյանը տարբեր ֆակուլտետների դասախոսների հետ մասնակցել է Լյուվենի կաթոլիկ համալսարանում (Բելգիա) անցկացված «Ակտիվ ուսուցում» («Active Learning») խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին և ստացած գիտելիքները փոխանցել ֆակուլտետի իր գործընկերներին:
Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացված «Ակտիվ ուսուցում» խորագրով վերապատրաստման դասընթացի ժամանակ Կարեն Թռչունյանն իր գործընկերների հետ հնարավորություն է ունեցել ծանոթանալու ակտիվ ուսուցման առանցքային ձևերին, մեթոդաբանությանը, ինչպես նաև համացանցային, թվային կամ տեղեկատվական տարբեր տեխնոլոգիաների կիրառմանը լսարանում։
Կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վերապատրաստման դասընթացի շրջանակում հնարավորություն է ստացել ներկա գտնվելու պրոֆեսոր Վիմ վան Պետեգեմի ակտիվ ուսուցման դասընթացներից մեկին՝ որպես դիտորդ, որի շնորհիվ ծանոթացել է ակտիվ ուսուցման գործնական կիրառմանը:
Նա իր ստացած նոր գիտելիքներն ու հմտություններն արդեն փոխանցել է գործընկերներին՝ կենսաբանության ֆակուլտետի դասախոսների համար կազմակերպելով «Ակտիվ ուսուցում» 5-օրյա վերապատրաստման դասընթացը, որին մասնակցել են ֆակուլտետի տարբեր ամբիոնների 15 դասախոսներ:
Դասընթացի ժամանակ Կարեն Թռչունյանը գործընկերներին պատմել է, թե ինչ հնարավորություններ են տալիս ակտիվ ուսուցման հիմնական մեթոդները: Քննարկվել են մի շարք հարցեր, թե ինչպես կարելի է կազմել առարկայական ծրագիր, որի բաղկացուցիչ մաս կլինեն նոր մեթոդները, որ կուրսերում կարելի է այն նախնական կիրառել և գործնական այլ քայլեր:
«Թեպետ դասընթացից առաջ նույնպես մեր դասախոսներն այդ մեթոդների մի մասը կիրառում էին, բայց վերապատրաստման ընթացքում նրանք ծանոթացան, թե ինչպես է հնարավոր դրանք համակարգված կիրառել»,- մեզ հետ զրույցում ասաց դասախոսը:
Նրա հավաստմամբ վերապատրաստման դասընթացի մասնակիցները պայմանավորվել են մարտի ավարտին նորից հանդիպել և քննարկել, թե ինչ արդյունքներ են գրանցվել։
«Դրանք իհարկե այժմ շատ նկատելի չեն, գուցե 5 կամ 7 տարի անց միայն ազդեցություն ունենան, բայց ուսանողների շրջանում անցկացրած էլեկտրոնային հարցումների ժամանակ բոլորը նշել են, որ կիրառված մեթոդներն արդյունավետ են»,- ասաց Կ․ Թռչունյանը:
Կ․ Թռչունյանի կարծիքով մեթոդների կիրառելիությունը պետք է մեծ թվով առարկաների շրջանակում լինի, այդ է պատճառը, որ վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար հրավիրվել են տարբեր ամբիոնների դասախոսներ։
«Ուսանողները պետք է անընդհատ կիրառեն դասախոսների կողմից առաջարկվող մեթոդները, շարժի մեջ լինեն, որ իրենց համար սովորական դառնա այդ գործընթացը»,- հավելեց նա:
Խոսելով ակտիվ ուսուցման մեթոդների կիրառման արդյունավետության մասին՝ կենսաբանական գիտությունների դոկտորը փաստեց, որ ըստ հետազոտությունների արդյունքների՝ լսարանի 90%-ը ներգրավվում է ուսումնական գործընթացի մեջ, բացի դրանից՝ մեթոդների կիրառումը նպաստում է ուսանողների առաջադիմության բարձրացմանը:
ԵՊՀ-ում ակտիվ ուսուցումը զարգացնելու համար Կարեն Թռչունյանն առաջարկում է ավելացնել առցանց հարթակների կիրառումը, դասախոսների համար ստեղծել ձեռնարկներ և այլն: