«Էրազմուս+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Անի Սիմոնյանը տարբեր ֆակուլտետների իր գործընկերների հետ Պորտոյի համալսարանում 2018 թ․ նոյեմբերի 12-16-ը մասնակցել է «Տեսանյութերը որպես դասավանդման գործիք դասախոսների և ուսանողների համար» խորագրով վերապատրաստման դասընթացներին և ստացած գիտելիքները փոխանցել գործընկեր դասախոսներին:
2018 թ. հունվարից մեկնարկել է Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+ PRINTeL» ծրագիրը` «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով», որը համակարգում է Երևանի պետական համալսարանը։
Ծրագրի շրջանակում ԵՊՀ 16 դասախոսներ վերապատրաստվել են եվրոպական գործընկեր բուհերում և այժմ իրենց փորձն ու գիտելիքը փոխանցում են գործընկեր դասախոսներին:
Անի Սիմոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վերապատրաստման ինտենսիվ դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Պորտոյի համալսարանում կիրառվող դասավանդման քաղաքականության մանրամասներին, մասնավորապես տեսանյութեր պատրաստելու, նկարահանելու և մոնտաժելու նորագույն մեթոդաբանությանը:
Նրա հավաստմամբ մասնակիցներն այցելել են համալսարանի մեդիա լաբորատորիաներ և ռադիոկայան` տեղում նկարահանման և ձայնագրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Դասընթացի ժամանակ մասնակիցները ծանոթացել են նաև «Panopto» նորարարական ծրագրի միջոցով արդիական դասընթացներ պատրաստելու հմտություններին և դրանց կիրառման անհրաժեշտությանը:
Անի Սիմոնյանն իր ստացած գիտելիքներն արդեն փոխանցել է գործընկերներին՝ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար կազմակերպելով «Տեսանյութերը որպես դասավանդման գործիք» խորագրով վերապատրաստման 5-օրյա դասընթացը, որի ընթացքում ֆակուլտետի գործընկերներին ներկայացրել է ուսուցողական տեսանյութերի պատրաստման և տեսանկարահանման գործընթացի արդյունավետության բարձրացման հմտությունները:
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացել են «Panoto» և «Explain everything» ծրագրերի հնարավորություններին և գործակցման եղանակներին: Քննարկվել են նաև «Շրջված դասարանի» (Flipped classroom) կիրառման առավելությունները, ինչպես նաև բացասական հնարավոր ազդեցությունները:
Անի Սիմոնյանի հավաստմամբ քննարկումներն ընթացել են մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ, արդյունավետ առաջարկներով և ավարտվել են ֆակուլտետում դասավանդվող գիտակարգերի բարելավման պայմանավորվածությամբ: