Аудиовизуальный монтаж, драматургия и перевод
-
Аудиовизуальный монтаж, драматургия и перевод
-
Ս․թ․ նոյեմբերի 6-8-ը՝ ժամը 9։30-ին, կանցկացվի «Տեսալսողական պատում, դրամատուրգիա և թարգմանություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հիմնադրման 80-ամյակին։
Հաղորդակցման միջոցների անցումը անալոգայինից թվայինի ոչ միայն հեղափոխեց տեխնոլոգիաները, այլև մեծ ազդեցություն թողեց պատմասացության (storytelling) վրա թե՛ տեսալսողական (աուդիովիզուալ) մշակույթում, թե՛ թատրոնում: Թվային այս դարաշրջանում պատմասացությունն ընդալայնել է իր սահմանները:
Դա հատկապես ակնհայտ է թատրոնում, որտեղ ինտերակտիվ, իմերսիվ և մուլտիմեդիա ձևաչափերը գալիս են փոխարինելու ավանդական ձևաչափին: Վերանում է ստեղծագործողի և հանդիսատեսի միջև եղած պատնեշը, իսկ ստեղծագործությունները տեխնոլոգիաների միջոցով տարածելու անհրաժեշտությունը սպառնում է հանգեցնելու «հոլովակային մտածողության»:
Միևնույն ժամանակ, թվային միջավայրը նպաստում է արվեստի տարբեր տեսակների մերձեցմանը. կինոգործիչները, գրողները, երաժիշտները և վիզուալ արվեստագետներն այժմ համատեղ ստեղծում են մուլտիմեդիա նախագծեր՝ կիրառելով սցենարագրության անսպասելի մեթոդներ:
Այս դինամիկ և անընդհատ զարգացող միջավայրում պատմվածքը շարունակում է ծառայել որպես հզոր գործիք՝ բարդ թեմաներ ուսումնասիրելու և երկխոսություն ստեղծելու համար: Անդրադառնալով սոցիալական խնդիրներին, ուսումնասիրելով մարդու հոգեվիճակը՝ թվային պատմությունները կարող են իրենց ներգործությունն ունենալ հանդիսատեսի վրա՝ այդպիսով ազդելով ամբողջ հասարակության վրա։
Կարևորելով նորարարությունը, համագործակցությունը և ներառականությունը՝ ներկայում մենք կարող ենք գեղարվեստական արտահայտման նոր հնարավորություններ բացահայտել:
Թարգմանության միջոցով տեսալսողական պատմվածքների հասանելիության ընդլայնումը կարևոր է մշակութային փոխանակումը խթանելու և ավելի լայն լսարան ունենալու համար: Պատմվածքների թարգմանությունը վերացնում է լեզվական խոչընդոտները, ինչը հնարավորություն է տալիս պատմությունները դարձնելու համամարդկային: Սա ոչ միայն ընդլայնում է առկա սահմանները, այլև նպաստում է միջմշակութային փոխըմբռնմանը: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ մեծ տեղ է զբաղեցնում թարգմանության և տեղայնացման ներուժը, ինչը հնարավորություն է տալիս առավել ազդեցիկ պատմություններ ներկայացնելու հանդիսատեսին:
Այս գիտաժողովի նպատակն է հարթակ տրամադրել տեսալսողական (աուդիովիզուալ) պատումների, ինչպես նաև դրամային և թարգմանությանն առնչվող հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։ Գիտաժողովին մասնակցելու հնարավորություն ունեն կատարողական արվեստի, կինոգիտության, լեզվաբանության, թարգմանագիտության, ինչպես նաև մշակութաբանության ոլորտների ներկայացուցիչները:
Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն տարաբնույթ թեմաներ։
Պատմասացության ժամանակակից միտումներ
Դրամատիկական ստեղծագործությունները տարբեր մեդիաներում
Տեսալսողական պատումների առանձնահատկություններ
Երաժշտության դերը տեսալսողական պատումներում
Հանդիսատեսի կողմից տեսալսողական պատումների ընկալում և մեկնաբանում
Տեսալսողական դրամայի մշակութային և պատմական հեռանկարներ
Բազմազանության ներկայացումը տեսալսողական պատումներում
Ենթագրեր, կրկնօրինակում և աուդիո նկարագրություն
Ներառականությունը տեսողական պատումներում
Տեսալսողական թարգմանության ժամանակակից գործիքներ
Մուլտիմոդալ թարգմանություն
Հանդիսատեսի կողմից թարգմանված տեքստի բովանդակության ընկալում
Տեսալսողական թարգմանության էթիկա
Դրամատիկական ստեղծագործությունների թարգմանություն. բեմից էկրան
Լեզվի ազդեցությունը կինոփորձառություն վրա
Գիտաժողովը հնարավորություն կընձեռի նաև վեր հանելու ոլորտում առկա արդիական խնդիրները, փոխանակվելու նոր գաղափարներով և մոտեցումներով, ինչը, անշուշտ, իր նպաստը կբերի կատարողական արվեստների, կինոյի, ինչպես նաև թարգմանական ոլորտի կայուն զարգացման գործին: