Մայիսի 24-ին ռոմանական բանասիրության ամբիոնը այս ուսումնական տարվա ընթացքում երկրորդ անգամ հյուրընկալել էր իտալացի բանաստեղծ Կլաուդիո Պոցանիին: Մեծ է Պոցանիի հետաքրքրությունը Հայաստանի ու նրա մշակույթի նկատմամբ, և այս ուսումնական տարվա ընթացքում նա երկրորդ անգամ է այցելում Հայաստան: Իտալական բաժնի ուսանողների հետ հանդիպման ընթացքում բանաստեղծը ներկայացրեց իր գրական-գեղարվեստական գործունեության որոշ խնդիրներ և ասմունքեց իր բանաստեղծությունները, որոնք արդեն թարգմանվել են հայերեն:
Կլաուդիո Պոցանին սկսել է իր մշակութային գործունեությունը որպես երաժիշտ, հետագայում նվիրվել է նաև գրականությանն ու պոեզիային: Իտալական գրականությունն Իտալիայում և արտերկրում տարածելու համար Պոցանին Իտալիայում արժանացել է մի շարք մրցանակների: Նրա գործերը թարգմանվել են ավելի քան 10 լեզվով և ընդգրկվել ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների միջազգային ժողովածուներում և ամսագրերում: Կլաուդիո Պոցանին նաև Ջենովայի «Parole Spalancate» պոեզիայի միջազգային փառատոնի նախաձեռնության հեղինակն ու տնօրենն է, որը Իտալիայի ամենամեծ ու երկարատև պոեզիայի փառատոնն է: Վերջինս հյուրընկալել է ավելի քան 1800 հեղինակների, այդ թվում՝ 5 Նոբելյան մրցանակակիրների:
2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը Կլաուդիո Պոցանիին շնորհել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ՝ Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար: