Ս.թ մայիսի 24-ին ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնը երկրորդ անգամ հյուրընկալել էր իտալացի բանաստեղծ Կլաուդիո Պոցանիին, ով մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի ու նրա մշակույթի նկատմամբ: Անգլերեն լեզու, իտալերեն լեզու և հաղորդակցություն բաժնի ուսանողների հետ հանդիպման ընթացքում բանաստեղծը ներկայացրեց գրական-գեղարվեստական գործունեության որոշ խնդիրներ, ինչպես նաև ասմունքեց իր բանաստեղծությունները, որոնք արդեն թարգմանվել են հայերեն: Նրա գործերը թարգմանվել են ավելի քան 10 լեզվով և ընդգրկվել ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների միջազգային ժողովածուներում և ամսագրերում:
Կ. Պոցանին սկսել է իր մշակութային գործունեությունը որպես երաժիշտ, հետագայում նվիրվել է նաև գրականությանն ու պոեզիային: Իտալական գրականությունն արտերկրում տարածելու համար բանաստեղծը արժանացել է մի շարք մրցանակների: 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը բանսաստեղծ Պոցանիին շնորհել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ՝ Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար:
Կ. Պոցանին նաև Ջենովայի «Parole Spalancate» պոեզիայի միջազգային փառատոնի (Իտալիայի ամենամեծ ու երկարատև պոեզիայի փառատոնն է, որը հյուրընկալել է ավելի քան 1800 հեղինակների, այդ թվում՝ 5 Նոբելյան մրցանակակիրների) նախաձեռնության հեղինակն ու տնօրենն է: