Ս․թ․ մարտի 22-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Քաղաքական իսլամը Հայաստանի հարակից տարածաշրջանում» թեմայով պանելային քննարկում։
Քննարկման հիմնական բանախոսներ էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյան և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արաքս Փաշայանը։
Բանախոսները ներկայացրել են ՀՀ սահմանակից երկրներում (Թուրքիա, Իրան, Ադրբեջան և Վրաստան) և արաբական աշխարհում քաղաքական իսլամի արդի վիճակը, ինչպես նաև ազդեցությունը ներքին և արտաքին քաղաքական ու սոցիալ-մշակութային գործընթացների վրա։ Քննարկման առանցքում էին քաղաքական իսլամի և ազգայնական գաղափարախոսությունների փոխհարաբերությունները նշված երկրներում և ընդհանրապես տարածաշրջանում։
Ելույթներին հաջորդել է հարցուպատասխան, որի շրջանակում քննարկմանը ներկա ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու բանախոսներին։
Միջոցառումը կազմակերպվել էր «Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում» հետազոտական ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։