Ս.թ. սեպտեմբերի 12-15-ը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում «Erasmus+ Teaching Staff Mobility Program» ծրագրի շրջանակում կազմակերպվել է դասընթաց, որի բանախոսներն են եղել Լյուվենի կաթոլիկ համալսարանի դասախոս, փ․գ․թ․ Ակսել Գոսիերիեսը և ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դասախոս, փ․գ․թ Լևոն Բաբաջանյանը։
Ակսել Գոսիերիեսը փիլիսոփայության և իրավունքի տեսաբան է։ Նա Լյուվենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) փիլիսոփայության ինստիտուտի տնօրենն է, ինչպես նաև նույն համալսարանի Հուվերի ամբիոնի անդամը։ Պրոֆեսոր Գոսիերիեսը մասնագիտացած է արդարության և օրինականության տեսությունների ոլորտում։ Նրա գիտական գործունեության շրջանակն ընդգրկում է միջսերնդային արդարության հայեցակարգի ուսումնասիրությունը։ Պրոֆեսորի հրապարակած վերջին գիրքը լույս է տեսել Քեմբրիջի հրատարակչությունում 2023 թ․ (What is Intergenerational Justice?, Policy, Cambridge, 2023)։
Ֆակուլտետում անցկացված դասընթացը նվիրված էր կիրառական փիլիսոփայության հետազոտության մեթոդներին։ Դասընթացի շրջանակում մասնավորապես քննարկվել են այնպիսի հարցեր և խնդիրներ, որոնք առնչվում են բարոյագիտական հիմնավորումներում փաստերի, հասկացությունների, արժեքների և նորմերի հարաբերակցությանը։
Դասընթացին մասնակցել են ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները (ընդհանուր՝ 15 ուսանող)։