Կարևորելով ուսանողներին ոլորտի նորությունների մասին մշտապես իրազեկելը և մասնագիտական հանրույթի հետ կապի ապահովումը՝ ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնը, ամբիոնում գործող «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» և «Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական կրթական ծրագրերի գիտական սեմինարների շրջանակում հյուրընկալվել էին ֆակուլտետի շրջանավարտ, Ֆրանսիայի Սալոն դը Պրովանս քաղաքի «Դեռահասների տուն» կենտրոնի հոգեբան Անի Մելքոնյանը և «Դեռահասների տուն» կենտրոնի և «CSAPA» (Care, Support, Prevention in addictology) կենտրոնի կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Մաքսանս Սմանիոտտոին։
Հանդիպման շրջանակում Անի Մելքոնյանը խոսեց ԵՊՀ-ում սովորելու, Ֆրանսիայի Էքս-Մարսել համալսարան ընդունվելու, Էքս ան Պրովանս քաղաքի «Մոնպեղեն» հոգեբուժարանին կից Կարաբելլիի անվան հոգեբանա-բժշկական կենտրոնում մասնագիտական պրակտիկա անցնելու և Ֆրանսիայում հոգեբանի լիցենզավորում ստանալու իր փորձառության մասին։
Այնուհետև Մաքսանս Սմանիոտտոն ներկայացրեց իր մասնագիտական ուղին՝ խոսելով Իտալիայից, որտեղ ուսում է ստացել, Ֆրանսիայից, որտեղ ապրում և աշխատում է, և Հայաստանից, որտեղ ապրել է 2 տարի։
Ունենալով դեռահասների ու կախվածություններ ունեցող չափահասների հետ աշխատանքի մեծ փորձ՝ նա անդրադարձավ նաև Ֆրանսիայում դեռահասների ու կախվածություններ ունեցող անձանց հետ կլինիկական աշխատանքի առանձնահատկություններին, մասնավորապես կախվածությունների հետ աշխատանքին ու կրկնվող սցենարների հարցին։
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ, «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» և «Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողներ, շրջանավարտներ, թեմայով հետաքրքրված բակալավրիատի ուսանողներ։
Հանդիպումը եզրափակվեց հարցուպատասխանով։