Հրատարակվել է «Մարդկային կապիտալի գնահատումների և աշխատուժի վերլուծության դերը և նշանակությունն արդյունավետ կառավարման գործում» զեկույցը, որը կազմվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և «Պրոսերվիս-Լ» մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման խորհրդատվական ընկերության համագործակցության շրջանակում:

Զեկույցը հեղինակել են ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, դոցենտ Ալվարդ Խառատյանը և «Պրոսերվիս-Լ» ընկերության հիմնադիր Լիլիթ Հակոբյանը:
Համագործակցության շրջանակում ուսումնասիրություն է կատարվել Հայաստանի մասնավոր հատվածի հիսունից ավելի ձեռնարկություններում՝ փորձելով պարզել աշխատուժի գնահատման և վերլուծության պրակտիկան, ինչպես նաև դրա ազդեցությունը կառավարչական որոշումների կայացման գործում:
Հետազոտությունը հիմնված է այն ենթադրության վրա, որ Հայաստանում գործող ձեռնարկություններում աշխատանքի արդյունավետության վերլուծությունների ծավալները սահմանափակ են և բավարար չեն մարդկային ռեսուրսների մասին ռազմավարություն մշակելու և բիզնեսի աճին ուղղված որոշումներ կայացնելու համար:

Հետազոտության արդյունքների ամփոփ հաշվետվությունը ներկայացված է «Մարդկային կապիտալի գնահատումների և աշխատուժի վերլուծության դերը և նշանակությունն արդյունավետ կառավարման գործում» զեկույցում, որի շնորհանդեսը կայացավ ս․թ. մայիսի 27-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում:
Շնորհանդեսին զեկույցի հեղինակները ներկայացրին կատարված ուսումնասիրության արդյունքում ստացված հիմնական գնահատականները՝ ընդգծելով ուսումնասիրության շարունակականության կարևորությունը և հաշվի առնելով այն փաստը, որ մարդկային կապիտալին առնչվող թեմաներն ու հարցերը դեռևս չեն արժանացել պատշաճ ուշադրության, ինչպես նաև աշխատուժի մասին վերլուծություններ կատարելու պրակտիկան Հայաստանում դեռևս թույլ է զարգացած:

Սույն զեկույցը Հայաստանում գործող ձեռնարկությունների հետազոտության արդյունքների ամփոփ հաշվետվություն է, որտեղ ներկայացված են կառավարման ոլորտում մարդկային կապիտալի գնահատումների հայեցակարգային խնդիրները, մոտեցումներն ու լուծման եղանակները, մարդկային ռեսուրսների հաշվետվություններ կազմելու և աշխատուժի մասին վերլուծություններ կատարելու միջազգային փորձը և արդիական տեղեկությունները, ինչպես նաև Հայաստանի կազմակերպություններում անցկացված հարցման արդյունքները:
Ձեռնարկը կարող է օգտակար աղբյուր լինել բիզնես ոլորտի կառավարիչների, ղեկավարների, ՄՌ մասնագետների, դասավանդողների, ուսանողների և այդ թեմաներով հետաքրքրված այլ անձանց համար:
Շնորհանդեսին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանն իր հարցազրույցում նշեց, որ ձեռնարկը հետազոտական բաղադրիչով համագործակցության արդյունք է, բուհ-մասնավոր հատված համագործակցության ստացված օրինակ:

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և «Պրոսերվիս-Լ» մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման խորհրդատվական ընկերության միջև կնքվել էր համագործակցության հուշագիր, որի նպատակն էր ամրապնդել բուհ-բիզնես կապը, փոխլրացնել գիտությունը, տեսությունը և պրակտիկան:
Շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը, դեկանի տեղակալ, դոցենտ Նարինե Միրզոյանը, պրոֆեսորներ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, հյուրեր և ուսանողներ:
Զեկույցը հասանելի է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գրադարանում:
Ավելին՝ տեսանյութում: