- Главная
- Group
- Գերմանական բանասիրության ամբիոն
Գերմանական բանասիրության ամբիոն
Գերմանական բանասիրության ամբիոնը հիմնադրել է հմուտ գերմանագետ, բ.գ.թ., դոցենտ Ա. Տոնոյանը 1991 թ․։ Այն ձևավորվել է ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի հիմքի վրա և դարձել ԵՊՀ առաջատար և լավագույն ամբիոններից մեկը՝ ժառանգելով գիտամանկավարժական հարուստ փորձ վաստակաշատ այնպիսի գիտնականներից ու մանկավարժներից, ինչպիսիք էին բ.գ.դ., ակադեմիկոս Գ. Ջահուկյանը, բ.գ.թ., դոցենտ Մ. Հարությունյանը, բ.գ.թ., դոցենտ Ք. Աղայեկյանը, գերմաներենի մեծ գիտակ Մ. Շենկմանսը: Ամբիոնն ի սկզբանե ընդգրկել է ոչ միայն գերմանական բաժնի, այլև հումանիտար և բնագիտական ֆակուլտետներում դասավանդող դասախոսական կազմ: Այն ապահովել է գերմաներենի՝ որպես հիմնական և երկրորդ օտար լեզվի, ինչպես նաև համապատասխան մասնագիտական ուղղվածության օտար լեզվի ուսուցումը այլ ֆակուլտետներում:
Շատ կարճ ժամանակահատվածում ամբիոնի վարիչ Ա. Տոնոյանի շնորհիվ ստեղծվել և ընդլայնվել են կապերը գերմանախոս երկրների առաջատար բուհերի գերմանագիտության բաժինների և միջազգային ակադեմիական փոխանակման ծառայությունների հետ, հրավիրվել հմուտ մասնագետներ գերմանական բաժնում դասավանդելու համար, կազմակերպվել գիտաժողովներ ու սեմինարներ: Փոխանակման ծրագրերի շրջանակում գերմանական բանասիրության ամբիոնի կադրերը պարբերաբար վերապատրաստվել են Գերմանիայում և Ավստրիայում:
1999-2021 թթ. գերմանական բանասիրության ամբիոնը ղեկավարել է բ.գ.դ., պրոֆեսոր Յու. Գաբրիելյանը: Այս տարիների ընթացքում ևս ծավալվել է գիտական և ուսումնամեթոդական բազմաբնույթ գործունեություն: Ամբիոնն ընդլայնել և խորացրել է կապը միջազգային կազմակերպությունների հետ: Նրա ղեկավարած տարիների ընթացքում կատարվել է գիտահետազոտական մեծածավալ աշխատանք: Ամբիոնի դասախոսների ուժերով հրատարակվել և հրատարակման են պատրաստվել տարբեր բնույթի դասագրքեր, բառարաններ և ուսումնաօժանդակ նյութեր: Որոշ դասախոսներ մասնակցել են Մանհայմի, Ռոստոկի, Համբուրգի, Հայդելբերգի համալսարանների հետ գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի:
2021 թվականից ամբիոնը ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ Գ. Սավոյանը։
Եթե նախկինում ամբիոնը պատրաստում էր միայն գերմաներենի մասնագետներ «Գերմաներեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ, ապա այժմ արդեն գերմանական բանասիրության ամբիոնը, համագործակցելով անգլիական բանասիրության ամբիոնի հետ, ներդրել է բակալավրիատական նոր ծրագիր՝ «Անգլերեն, գերմաներեն լեզու և հաղորդակցություն» մասնագիտությամբ, որն աշխատանքի լայն հնարավորություններ է ընձեռում այդ բաժնի շրջանավարտներին:
Գերմանական բանասիրության ամբիոնում դասավանդում են ինչպես բազմամյա մանկավարժական փորձ ունեցող հմուտ մասնագետներ, Գերմանիայում և Ավստրիայում բարձր որակավորում ստացած երիտասարդ դասախոսներ, այնպես էլ Գերմանիայից և Ավստրիայից հրավիրված լեզվակիր-գերմանագետներ: Ամբիոնի մասնագետները պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի, մենագրությունների և գիտական հոդվածների: Ամբիոնի գիտական հիմնական ուղղություններն են՝ միջմշակութային հաղորդակցություն, գերմանագիտություն և տիպաբանություն:
Ուսման ընթացքում գործադրվում են լեզուների ուսուցման ժամանակակից մեթոդներ, իսկ միջազգային փորձը կիրառվում է տեղական պահանջներին և առանձնահատկություններին համապատասխան: Դասերն ընթանում են ինտերակտիվ: Տեսական առարկաները դասավանդվում են ժամանակակից լեզվաբանական գիտության նվաճումների հաշվառմամբ: Ուսանողներն ակտիվ մասնակցում են միջազգային փոխանակման տարբեր ծրագրերի, ինչպիսիք են «Էրազմուս+»-ը, ԳԱՓԾ-ն (DAAD), ինչն է՛լ ավելի արդյունավետ է դարձնում գերմաներենի ուսուցումը:
Ամբիոնը կարևորում է նաև գերմաներենի՝ որպես երկրորդ օտար լեզվի դասավանդումը: Այստեղ շեշտը դրվում է հաղորդակցական և ինտերակտիվ մեթոդների վրա, ինչի արդյունքում ուսանողները կարճ ժամանակահատվածում կարողանում են հաղորդակցվել գերմաներենով: Ելնելով արդի մարտահրավերներից՝ գերմանական բաժինը, թե՛ բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում, կարևորում է թարգմանական հմտությունների ձեռքբերումը: Առանցքային դասընթացներից են բանավոր և գրավոր թարգմանությունը, գեղարվեստական, ինչպես նաև միջմշակութային տեքստերի թարգմանությունը:
Բնագիտական և հումանիտար ֆակուլտետներում ևս ներդրվում են դասավանդման ժամանակակից մեթոդները, կիրառվում համապատասխան մասնագիտական նյութեր և գրականություն: Այստեղ լեզվի ուսուցումը նպատակաուղղված է համապատասխան մասնագիտացում ունեցող ուսանողների՝ գերմաներենով մասնագիտական գրականությունից ազատ օգտվելու հմտությունների ապահովմանը:
Ամբիոնը ստեղծում է նոր կապեր ինչպես Գերմանիայի Քոբլենցի, Լյուդվիգսհաֆենի, Քյոլնի, Յենայի, Հալլեի համալսարանների հետ, այնպես էլ պատրաստում նոր նախագծեր Հալլեի արևելագիտական ինստիտուտի հայագիտության կենտրոնի հետ:
Ամբիոնը հիմնադրումից ի վեր ստեղծել է մասնագիտական գրքերով համալրված հարուստ գրադարան, որը պարբերաբար թարմացվում է գեղարվեստական ու գիտական նոր գրականությամբ, նորանոր դասագրքերով։
Գերմանական բանասիրության ամբիոնն ունի նաև նյութատեխնիկական հագեցվածություն՝ «Գերմանական անկյուն»՝ հագեցած նորագույն ինտերակտիվ գրատախտակով և տեխնիկայով:
Գերմանական բանասիրության ամբիոնն իրականացնում է «Անգլերեն, գերմաներեն լեզու և հաղորդակցություն» բակալավրիատական և «Գերմաներեն լեզու և միջմշակութային հաղորդակցություն» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Доцент
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель