Անգլերեն լեզու, գերմաներեն լեզու և հաղորդակցություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագիրը կազմված է բակալավրիատի եվրոպական ծրագրերին համապատասխան՝ հաշվի առնելով նաև տեղական կրթական գործոնները:
Ծրագիրը լրացուցիչ վճարովի հիմունքով հնարավորություն է ընձեռում ուսման վեց կիսամյակների ընթացքում հավաքելու 30 կրեդիտ «Մանկավարժություն» մասնագիտական բլոկից՝ ստանալով գերմաներենի կամ անգլերենի (ըստ ցանկության) մանկավարժի որակավորում:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կազմակերպվում է ՀՀ Կառավարության հաստատած՝ «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի համաձայն:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել համակողմանի և համակարգված գիտելիքներ ու կարողություններ ունեցող մասնագետներ, ուսանողների մոտ խթանել լեզվական երևույթների վերլուծության կարողություններ ու հմտություններ և գործնական գիտելիքները տեսականի հետ համադրելու և գնահատելու ունակություններ, ապահովել գերմաներենի և անգլերենի բնագավառում համակողմանի և մրցունակ բարձրագույն կրթություն, պատրաստել լայն պրոֆիլի մասնագետներ միջմշակութային և միջլեզվային հաղորդակցության և թարգմանության բնագավառում, պատրաստել մասնագետներ, որոնք համապարփակ գիտելիք կունենան լեզվաբանության բնագավառում, ինչը նրանց հնարավորություն կընձեռի հետագայում շարունակելու կրթությունը համապատասխան ոլորտում, ինչպես նաև հաջողությամբ լուծելու նաև հարակից բնագավառներում առաջադրված կոնկրետ մասնագիտական խնդիրները, պատրաստել մասնագետներ, որոնք լիարժեք կտիրապետեն երկու լեզուների (գերմաներենի և անգլերենի) և կունենան լեզվաբանական խոր գիտելիքներ, պատրաստել մանկավարժներ, որոնք հնարավորություն կունենան աշխատելու հանրակրթական դպրոցներում:
Առավելությունները
Ծրագրի բարեհաջող ավարտին ուսանողն ունակ կլինի վերհանելու և մեկնաբանելու գերմաներենին և անգլերենին բնորոշ լեզվական յուրահատկությունները, կիրառելու լեզվական նյութերի զուգադրական վերլուծության մեթոդը՝ օտար լեզուների և մայրենի լեզվի համապատասխան փաստերի ներգրավմամբ, բացահայտելու գերմաներենին և անգլերենին բնորոշ լեզվամտածողական առանձնահատկությունները, լիարժեք իրականացնելու մասնագիտության ոլորտում երկլեզու հաղորդակցություն, մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը բացատրելու և մեկնաբանելու տվյալ ոլորտին վերաբերող տեղեկություններ ու փաստեր, տրամաբանորեն ճիշտ և փաստարկված կառուցել բանավոր և գրավոր խոսքը օտար և մայրենի լեզուներով:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել գերմանախոս և անգլիախոս դեսպանատներում, հյուպատոսարաններում, գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության, Գյոթեի անվան ինստիտուտի և գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման գերմանական և անգլիախոս երկրների գրասենյակներում, պետական կառույցներում, արտգործնախարարությունում, Մատենադարանում, պատմության թանգարանում, մշակութային կենտրոններում, հրատարակչություններում, տուրիստական ընկերություններում, միջազգային կազմակերպություններում, հաճախորդների սպասարկման կենտրոններում, հանրակրթական դպրոցներում և տարբեր կրթական հաստատություններում՝ որպես գերմաներենի կամ անգլերենի ուսուցիչներ: