- Главная
- Group
- Կենդանաբանության ամբիոն
Կենդանաբանության ամբիոն
Կենդանաբանության ամբիոնը հիմնադրել է պրոֆեսոր Ավետիք Տեր-Պողոսյանը 1921 թ․։ Վերջինս եղել է ամբիոնի առաջին վարիչը: Ամբիոնի ականավոր դասախոսներից են եղել Ս․ Յուզբաշյանը, Խ. Գյուլբեկյանը, Լ. Բեկ-Հովսեփյանը, Ն․ Ակրամովսկին, Ա․ Մինասյանը, Հ․ Բատիկյանը, Կ․ Ջիվանյանը, Է․ Յավրույանը, Ֆ․ Դանիելյանը և անվանի այլ բնագետներ։
1920-ական թթ. ամբիոնում գիտական աշխատանքներ են տարվել Հայաստանի ջրային ֆաունայի, փափկամարմինների, գյուղատնտեսական վնասատու և հիվանդությունների հարուցիչներ փոխանցող ֆաունայի ուսումնասիրման ուղղությամբ: Դեռևս 30-ական թթ․ ուսումնասիրություններ են կատարվել մակաբույծների հետազոտության ուղղությամբ։ Կենդանաբանության ամբիոնում կատարվել են նաև հյուսվածաբանական, սաղմնաբանական հետազոտություններ։ 1990 թ․ մեծ զարկ է տրվել հատկապես ողնաշարավորների ֆաունայի (կաթնասուններ և սողուններ), ինչպես նաև կուսածին մողեսների հիբրիդային ծագման տեսության հետազոտական աշխատանքներին։ 1938 թ. Կենդանաբանության ամբիոնից անջատվել է գենետիկայի նորաստեղծ ամբիոնը, իսկ 2019 թ.՝ հյուսվածաբանական ուսումնական և հետազոտական խումբը։
Կենդանաբանության ամբիոնը Հայաստանում կենդանաբանության զարգացման կենտրոն է, կենդանաբան կադրերի պատրաստման առաջատար օջախ:
Կենդանաբանության ամբիոնը պատրաստում է մասնագետներ, որոնք համալրում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս գիտական հիմնարկներում աշխատող կենդանաբանների շարքերը: Ամբիոնի բազմաթիվ սաներ այսօր գիտությունների դոկտորներ և թեկնածուներ են, կենդանաբանական և բնապահպանական տարբեր հիմնարկների ղեկավարներ:
Ամբիոնի աշխատակիցների և շրջանավարտների գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է կենդանաբանությանը վերաբերող տեսական ու կիրառական բնույթի հարցեր: Ամբիոնի հետազոտողները ուսումնասիրություններ են կատարում հետևյալ ուղղություններով․
- ողնաշարավորների կենդանաբանություն․ ուսումնասիրվում են երկկենցաղների, սողունների, թռչունների, կաթնասունների բազմազանությունը, էվոլյուցիան, էկոլոգիան, քարտեզագրումը, պահպանությունը,
- անողնաշարների կենդանաբանություն․ ուսումնասիրվում են փափկամարմինների, հոդվածոտանիների բազմազանությունը, էկոլոգիան, կենսացուցիչ տեսակները,
- մակաբուծաբանություն․ ուսումնասիրվում են կենդանի վեկտորների և զոոնոզ հիվանդությունների բազմազանությունը, էկոլոգիան, քարտեզագրումը, ազդեցությունը մարդու և շրջակա միջավայրի վրա:
Ամբիոնում կատարված հիմնական հետազոտությունները վերաբերում են ողնաշարավորների և անողնաշարների բազմազանությանը և կենդանիների դասակարգմանը՝ տարաբնույթ մեթոդների կիրառմամբ, այդ թվում՝ գենետիկական ուսումնասիրությունները: Ամբիոնի հիմնական ուղղություններն են՝ ցանցաձև էվոլյուցիայի ընթացքը (կուսածին և հիբրիդ տեսակների առաջացում), ֆիլոգենետիկական ուսումնասիրությունները, կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն, ինվազիվ և անհետացող տեսակների աշխարհագրական տարածման մոդելավորումը, տեսակների պոպուլյացիայի էկոլոգիական հետազոտությունները և պահպանությունը։ Բացի դրանից՝ ուսումնասիրվում են կենդանիների մակաբույծ տեսակները և էկոհամակարգերում վայրի կենդանիների շրջանում տարածված հիվանդությունները։
Ամբիոնի աշխատակազմը մասնակցում է գիտական ու հանրամատչելի հոդվածների, գրքերի, հանրագիտարանի հրատարակմանը, Հայաստանի կենդանիների կարմիր գրքի ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանության ազգային զեկույցի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպվող մշտադիտարկման մի շարք ծրագրերի: Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են տեղական ու միջազգային դրամաշնորհային տարբեր ծրագրերի։
Կենդանաբանության ամբիոնը համագործակցում է արտասահմանյան գիտահետազոտական բազմաթիվ կազմակերպությունների և առաջատար բուհերի հետ:
Ամբիոնը նաև կազմակերպում է կենդանաբանական գիտարշավներ, որոնց մասնակցում են ֆակուլտետի ուսանողները, շրջանավարտներն ու ասպիրանտները։
2014 թվականից ամբիոնի վարիչն է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը։
Ամբիոնն իրականացնում է «Կենսաբանություն» (առկա, հեռակա) բակալավրիատական և «Կենդանաբանություն և մակաբուծաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Доцент
Доцент
Старший лаборант
Старший лаборант
Преподаватель по часовой оплате