Կենսաբանություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի ընդունելության պահանջները
«Կենսաբանություն» ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական։ Ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ Կառավարության հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» (26 ապրիլի 2012 թվականի N 597 –Ն)։
Կրթական ծրագրի դիմորդները պետք է հանձնեն հետևյալ քննությունները՝
- կենսաբանություն (պարտադիր),
- ֆիզիկա կամ քիմիա (ըստ դիմորդի ընտրության),
- հայոց լեզու (ոչ մրցութային)։
Ծրագրի նպատակը
«Կենսաբանություն» կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել հիմնարար և կիրառական գիտելիքներ կենդանի օրգանիզմների կազմավորման և կենսագործունեության վերաբերյալ՝ մոլեկուլային, բջջային, հյուսվածքային, օրգանային, օրգանիզմային և պոպուլյացիոն մակարդակներում: Ծրագիրը զարգացնում է ուսանողների՝ կենսաբանական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման կարողությունները:
Կրթական ծրագրում ընդգրկված է ուսումնական պրակտիկան, որը հնարավորություն է տալիս զարգացնելու դաշտային պայմաններում աշխատելու հմտությունները և ծանոթանալու Հայաստանում տարածված սնկերի, բույսերի և կենդանիների բազմազանությանը: Մասնագիտական պրակտիկան անցկացվում է գիտահետազոտական ինստիտուտներում և ոլորտային տարբեր կազմակերպություններում՝ նպաստելով ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը:
Մասնակցելով մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին (կամընտրական) շրջանավարտները ստանում են մանկավարժի որակավորում:
Կարիերայի հնարավորությունները
«Կենսաբանություն» կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու մագիստրատուրայում կամ անցնելու աշխատանքի բնության պահպանության և ռացիոնալ բնօգտագործման, բժշկության, գյուղատնտեսության, սննդի և դեղամիջոցների արտադրության ոլորտներում գործող ձեռնարկություններում: