- Главная
- Group
- Իրավական ուսումնասիրությունների կենտրոն
Իրավական ուսումնասիրությունների կենտրոն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավական ուսումնասիրությունների կենտրոնը գործում է դեռևս 1995 թվականից:
1997 թ. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հովանավորությամբ կենտրոնի կազմում ստեղծվել են ֆակուլտետի համակարգչային կենտրոնը, ընթերցասրահը և փոքր տպարանը:
Համակարգչային կենտրոնը հագեցած է ժամանակակից համակարգիչներով։ Այնտեղ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների համար կազմակերպվում և անցկացվում են համակարգչային տարբեր հմտությունների վերաբերյալ դասընթացներ, սեմինար և գործնական պարապմունքներ: Կենտրոնում ստեղծված են անհրաժեշտ պայմանները պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների կողմից գիտական ու հետազոտական տարբեր ուսումնասիրություններ կատարելու համար:
Ընթերցասրահը հագեցած է շուրջ 1000 անուն մասնագիտական և հարակից գրականությամբ (հայերեն և օտարալեզու դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ, գիտական ամսագրեր և այլ հրապարակումներ): Գրադարանային ֆոնդերը համալրվում են բաժանորդագրության, գրքափոխանակության և նվիրատվության միջոցներով:
Ընթերցասրահից հնարավորություն ունեն օգտվելու ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ գրադարանի տոմս ունեցող ցանկացած անձ: Ներդրված էլեկտրոնային քարտարանի միջոցով ցանկացողները հնարավորություն ունեն որոնելու իրենց անհրաժեշտ գրականությունը և նորմատիվ իրավական ակտերը:
1998 թվականից սկսած՝ ֆակուլտետի փոքր տպարանում բազմացվել և ուսանողությանն են տրվել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակած դասախոսության նյութերը: Ներկայում այստեղ են տպագրության պատրաստվում ուսումնական ձեռնարկները, դասագրքերը և մենագրությունները: Տպարանում նաև բազմացվում և ուսանողներին են տրվում ուսումնական գործընթացին անհրաժեշտ նյութեր, օրենսգրքերի ու իրավական այլ ակտերի նախագծեր և ուսումնաօժանդակ նյութեր: