- Главная
- Group
- Հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոն
Հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոն
Հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնը հիմնադրվել է 1968 թ.: Այն նախապես կոչվում էր Սովետահայ գրականության ամբիոն, իսկ 1991 թ. վերանվանվեց Հայ նորագույն գրականության ամբիոն այն հիմավորմամբ, որ ընդգրկում է ոչ միայն խորհրդահայ, այլև սփյուռքահայ ու ժամանակակից՝ հետխորհդային շրջանի գրականության ուսումնասիրության և դասավանդման գործը: Հայ բանասիրության ֆակուլտետի ամբիոնների կառուցվածքային վերափոխման արդյունքում 2022 թ․ վերանվանվեց Հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոն։
1968 թվականից մինչև 1981 թ. ամբիոնը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանը, իսկ 1981-2015 թթ․՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը:
Ամբիոնն իր գոյության ավելի քան հինգ տասնամյակների ընթացքում նշանակալից աշխատանք է կատարել նորագույն շրջանի հայ գրականության ուսումնասիրման, գիտական համակարգման, ուսուցման և մասնագետներ պատրաստելու գործում:
Ամբիոնը պատրաստում է բակալավրի, մագիստրոսի և գիտության թեկնածուի աստիճաններ ստացող մասնագետներ հայ նորագույն գրականության և գրական քննադատության մասնագիտացումով: Ամբիոնում ուսումնասիրվում և ուսուցանվում են դասընթացներ՝ նվիրված հայ նորագույն գրականության դասական և ժամանակակից շրջանների պատմությանը, առանձին հեղինակների ստեղծագործություններին (ներառելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի գրականությունը), քննադատության տեսությանը և հայ քննադատական մտքի պատմությանը։
Ամբիոնի շատ դասախոսներ հայտնի անուններ են հանրապետության ուսումնական, գիտական ու գրական կյանքում։ Նրանք Հայաստանի գրողների միության անդամներ են, զբաղվում են գրական քննադատությամբ, դպրոցական ու բուհական դասագրքերի հեղինակներ են:
Հիշարժան երևույթներ են ամբիոնի նախաձեռնած և մինչև հիմա անցկացվող չարենցյան գիտական նստաշրջանները և դրանց ժամանակ կարդացված զեկուցումների ընդարձակ տարբերակները ներկայացնող հոդվածներից կազմված «Չարենցյան ընթերցումներ» խորագրով ժողովածուի տասը հատորները (1973-2017 թթ․)։ 2000-ական թվականներից պարբերաբար կազմակերպվել են «Մաթևոսյանական ընթերցումներ» խորագրով գիտաժողովներ, որոնցում ներկայացված զեկուցումների հիման վրա շարադրված ծավալուն հոդվածներն ամփոփվել են համանուն չորս ժողովածուներում (2006-2022 թթ․)։
Հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնն այսօր էլ շարունակում է գիտական աշխատանքները։ Գրվում են մենագրություններ, ուսումնասիրություններ, հոդվածներ, որոնք հրապարակվում են առանձին գրքերով, գիտական հանդեսներում ու գրական մամուլում:
Ամբիոնն սպասարկում է «Հայոց լեզու և գրականություն» բակալավրիատական և մագիստրոսական (առկա և հեռակա) կրթական ծրագրերը, ինչպես նաև «Հայ գրականություն» մագիստրոսական ծրագիրը։
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Профессор
Доцент