- Главная
- Group
- Մանկավարժության ամբիոն
Մանկավարժության ամբիոն
Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնը համալսարանի հնագույն ամբիոններից է․ հիմնադրվել է 1921 թ. հոկտեմբերի 10-ին ժամանակի տաղանդավոր գիտնական-մանկավարժների նախաձեռնությամբ ու ջանքերով: Մանկավարժության ամբիոնի կայացման և գիտամանկավարժական աշխատանքների կազմակերպման ու զարգացման գործում նշանակալի դեր են ունեցել ճանաչված գիտնական-մանկավարժներ, որոնց թվում՝ ամբիոնի հիմնադիր վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Էդիլյանը։
ԵՊՀ մանկավարժության ամբիոնն այսօր էլ իր կարևոր ներդրումն է ունենում համալսարանի գիտական, ուսումնական, կրթադաստիարակչական աշխատանքների գործում՝ պատրաստելով կրթության գործի կազմակերպիչների և սոցիալական մանկավարժների։
Ամբիոնում աշխատում են առաջատար գիտնական-մանկավարժներ, որոնք ուսումնասիրում և զարգացնում են մանկավարժության գիտաճյուղերը: Նրանք հեղինակ են բազմաթիվ մենագրությունների, բուհական ձեռնարկների, դպրոցական դասագրքերի, ուսուցչի մեթոդական ձեռնարկների, Հայ մանկավարժական հանրագիտարանի (Ա և Բ գրքեր), 700-ից ավելի գիտական հոդվածների:
Մանկավարժության ամբիոնը ծավալում է կրթական և գիտական արդյունավետ գործունեություն, որն իրականացնում է մշտապես թարմացվող կրթական ծրագրերով։ Ամբիոնն իրականացնում է «Սոցիալական մանկավարժություն» բակալավրիատական և «Կրթության կազմակերպում» (առկա և հեռակա), «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» (հեռակա), «Ուսուցչական առաջնորդություն» (հեռակա) մագիստրոսական կրթական ծրագրերը։ Տարիների ընթացքում այս ծրագրերի շրջանավարտները նշանակալի հաջողություններ են գրանցել իրենց հետագա ուսումնառության և աշխատանքային գործունեության մեջ: