Май 15, 2024 | 16:00
Партнеры
Образование
Студенческий
Инсценировка суда – возможность профориентации школьников
Իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կազմակերպված դատախաղին առաջին անգամ որպես դատական կողմերի ակտիվ մասնակիցներ հանդես եկան դպրոցականները՝ ներկայանալով և՛ որպես մեղադրող, և՛ որպես պաշտպան:

Դատախաղը նպատակ ուներ գործնական հմտություններ ու գիտելիքներ փոխանցելու աշակերտներին, դառնալու մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, ցույց տալու «Իրավագիտություն» մասնագիտությունը պրակտիկայում:
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողները ավելի քան մեկ ամիս դասընթացներ են անցկացրել Երևանի համար 184 ավագ դպրոցի աշակերտների համար, մասնագիտական գիտելիքներ փոխանցել նրանց, արդյունքներն ամփոփել համատեղ դատախաղով:

Դատախաղը կազմակերպվեց ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի և համար 184 դպրոցի համատեղ ջանքերով, Իրավաբանական կլինիկայի «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրավունքի տարբեր ոլորտների վերաբերյալ հասարակության խմբերի տեղեկացվածության աստիճանը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը, խոսելով դատախաղի կազմակերպման նպատակի և կարևորության մասին, նշեց. «Մենք փորձում ենք մշտապես արդիական պահել կլինիկայում կրթական գործընթացը՝ ներառելով նորանոր ուղղություններ ու իրականացնելով տարբեր ծրագրեր: Այս առումով բավականին արդյունավետ փորձառություն էր աշակերտներին կրթական գործընթացում ներգրավելը ոչ միայն ունկնդրի, այլև անմիջական մասնակցի դերում: Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի»:

Իրավաբանական կլինիկայի տնօրենի օգնական Սաթենիկ Մկրտչյանը, մանրամասնելով դատախաղի կազմակերպման հանգամանքները, պատմեց. «Մենք աշակերտներին նախապես բաժանել էինք խմբերի, ուսանողներին կցել որպես մենթորներ: Նրանք աշխատել են միասին, ծանոթացել քրեական գործի մանրամասներին, պատրաստել իրենց պաշտպանական և մեղադրական ռազմավարությունը, մշակել իրենց ելույթները»:
Աշակերտները վստահեցրին, որ դատախաղը լավ հնարավորություն էր նոր պրակտիկ հմտություններ ձեռք բերելու և տեսական գիտելիքներն ամրապնդելու տեսանկյունից:

Նշենք, որ դատախաղը վարեց Իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի դասախոս-համակագող Շուշան Հարությունյանը:
Հավելենք, որ կլինիկայի «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում կլինիկայի աշխատակազմը և ուսանողները Երևանի ու ՀՀ մարզերի ավագ դպրոցների աշակերտների համար պարբերաբար կազմակերպում են իրավունքի մասին բաց դասեր և սեմինարներ, դատախաղեր, քննարկումներ և բանավեճեր:
Ծրագիրը նպաստում է քաղաքացիական հասարակության և երիտասարդության միջև երկխոսության մեխանիզմի ստեղծմանն ու երիտասարդության շրջանում իրավական գիտելիքների և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: